կարևոր
3427 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 12:42
Հասարակություն

Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից, պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-19 տարեկան՝ հանրակրթական, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսհաստատություն չհաճախած կամ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսհաստատություն չհաճախած և (կամ) որևէ ուսումնական հաստատությունում երբևէ չհաշվառված երեխաները։

Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող են համարվում 6-19 տարեկան՝ որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ չհաճախած (չհաճախող) երեխաները, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և որևէ պատճառով կրթությունն ընդհատած սովորողները, ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հետևանքով ուսումն անավարտ թողած երեխաները։

Նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն փաստը, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման համար առաջարկվող լուծումներն են՝

 դպրոցահասակ երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխելը,

 ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին վաղ բացահայտելը,

 ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառները բացահայտելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը,

 երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

Նշված նպատակների իրականացման նպատակով անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

Հանրակրթական, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չհաճախած կամ որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու համար առնվազն վեց ամիսը մեկ անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, կրթության կառավարման պետական լիազոր մարմնին ներկայացնում է 6-19 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի  տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ը համակարգ մուտք գործելու համար հաշիվներ է տրամադրում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին`

 խնամակալության և հոգաբարձության մարմնին (ԽՀՄ).

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

 ՀՀ կրթության տեսչական մարմնին.

 տարածքային կառավարման մարմիններին:

Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներին:   Այսպիսով՝ նախագծի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումն է, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը՝ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկման գործընթացում:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը: