Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը:
Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական կրթական ծառայությունների ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը: Ըստ այդմ` նշված ծառայությունների համար պարտադիր կդառնա ՀՀ նախադպրոցական կրթության չափորոշչի պահանջների ապահովումը:
Ըստ նոր կարգի` լիցենզավորման ենթակա նախադպրոցական ծրագրերը կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ բովանդակային բաղադրիչների:
Նախադպրոցական ծրագրով կարող են նախատեսվել կազմակերպման հետևյալ ձևերը՝
պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև,
խաղային գործունեության տեսակներ,
օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:
Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական, շարժողական և ֆիզիկական, հուզակամային և սոցիալ-անձնային զարգացմանը: Ծրագիրը պետք է նաև նպաստի երեխայի աշխարհաճանաչմանը, ինքնուրույնությանը, ստեղծագործական ունակությունների և հնարամտության ձևավորմանը:
Նախադպրոցական ծրագրերին ներկայացվող պահանջներն են՝
համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին,
կրթության աշխարհիկ բնույթը,
երեխաների և մեծահասակների փոխգործունեության երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,
ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը,
նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղարվեստական զարգացման, ինչպես նաև իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:
Ծրագիրը՝ որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում և տևողություն: Ըստ այդմ` ծրագրի տևողությունը կարող է սահմանվել մինչև 4 ժամ, 4-9 ժամ, 24 ժամ` շաբաթվա ընթացքում 2, 3, 5-6 անգամ` ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:
Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նաև պահպանել խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության նորմատիվ պահանջները:
Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնելու ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:
«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները շահագրգիռ անձիք և ոլորտի կազմակերպությունները կարող են ներկայացնել e-draft.am հարթակում՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ: