Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Բռնի ուծացումը` որպես Հայոց ցեղասպանության բաղադրատարր, օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված ձևով կիրառվել է տարբեր ուղիներով` կրոնափոխության հարկադրում, հայ երեխաների հավաքագրում, որդեգրումներ ու բռնի կերպով իսլամական սովորույթների համապատասխան[1] դաստիարակում, երիտասարդ աղջիկների հարկադիր ամուսնություններ մահմեդական տղամարդկանց հետ: Ոչ մուսուլման ժողովուրդների երեխաների բռնի իսլամացումն ու թրքացումը, ինչպես վկայում են կազմակերպվածությունը, ծավալն ու ժամանակային ընդգրկումը, խորը արմատներ ունեին օսմանյան Թուրքիայի ներպետական կառավարման քաղաքականության մեջ[2]:
Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների նկատմամբ օսմանյան իշխանությունների կիրառած պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքականության համաձայն` երեխաներին ինչպես հավաքագրել ու հանձնել են պետական թրքական որբանոցներ` իսլամացվելու և թրքացվելու նպատակով, այնպես էլ` բաժանել են մուսուլման բնակչությանը` կրկին նույն նպատակով[3], ինչը պաշտոնապես խրախուսվել է:
Անհերքելի է, որ այս գործընթացն ունեցել է պետական քաղաքականության ուղեգիծ. գործընթացը գտնվել է բարձրաստիճան ղեկավարների ու մուսուլման հասարակության տարբեր շերտերի ուշադրության կենտրոնում, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ: Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու թրքացումը կատարվում էին մուսուլման հասարակության կողմից` օսմանյան իշխանությունների արտոնմամբ և խրախուսմամբ: Մուսուլմանների կողմից ներկայացվող հայ երեխաների «փրկության» շարժառիթը ոչ թե մարդասիրական, այլ շահադիտական մղումներով է կառավարվել: Խլելով և ձուլելով հայ երեխաներին` թուրք և քուրդ գյուղացիները ձեռք էին բերում թե՛ ձրի աշխատուժ[4], թե՛ հատկապես հայ աղջիկները համալրում էին կանանոցները[5]:
Գործընթացին բարձրաստիճան ղեկավարների անմիջական ներգրավվածության մասին պոլսահայ պարբերաթերթ «Նոր Կեանք»-ը հաղորդում է. «Էնվէր փաշային եղբայրը Պաթումի հրամանատար Խալիլ փաշային տունը (Պէշիկթաշ, Համիտին նախորդ թիւֆէնքճի պաշը` Թահիր փաշային տունը) երեք հայ աղջիկներ կան: Վեց աղջիկներ կան նաև Շիշլիի Տօքթ Րէշիտ պէյին տունը.ասոնցմէ մին Տիարպէքիրցի Գազազեաններու ազգականն է»[6]:
Այսպիսի վկայությունները բազմաթիվ են այդօրյա մամուլում: Այսպես` «Գարաման գասապ օղլու հաճի Մուսթաֆային քով կը գտնուի 12 տարեկան հայ տղայ մը որուն հայրը և մայրը մեռած ըլլալով թրքացուցած և քովերնին պահած են, կը խնդրուի որ զայն ալ ազատէք»[7]:
Թեև թուրք հեղինակներն իսլամացման քաղաքականությունն անհաջող կերպով փորձում են ներկայացնել որպես խնամքի, կրթության և դաստիարակության նպատակով որբանոցների հանձնում և տների բաժանում` մարդասիրության համատեքստում[8], սակայն օսմանյան փաստաթղթերում կիրառված արտահայտության համաձայն` նպատակը երեխաների ուծացումն էր[9]: 1915 թ. հունիսի 26 ամսաթվակիր փաստաթուղթը մանուկների` պետության ձեռքով թրքացման վերաբերյալ առաջին փաստաթուղթն է[10]:
Հայ երեխաների թրքացման պետական քաղաքականության մասին անվիճարկելի տվյալներ են ներկայացված հենց օսմանյան արխիվում, որոնցից մեկի (1915թ. հուլիսի 10-ի թվակիր փաստաթուղթ) համաձայն` հրահանգվում է երեխաներին իսլամական սովորույթներին համապատասխան բաժանել բարեկեցիկ ընտանիքներին այն գյուղերում և գյուղաքաղաքներում, որտեղ չկան հայեր….[11]:
Տեղահանության քարավանները դիտավորյալ չէին հսկվում, ինչի արդյունքում թուրք, քուրդ և արաբ գյուղական ազգաբնակչությունը բռնի տիրանում էր հայ կանանց և երեխաներին: Նրանց վաճառում էին, գնում, տանում մուսուլմանական տներ (հաճախ նրա տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին), պարտադրում կրոնափոխության: Տեղահանությունների ժամանակ բռնի տեղափոխված հայ երեխաները իսլամացվում էին: Տղաներին թլպատում էին, աղջիկներին բռնի ամուսնացնում, տանում կանանոցներ, անբարո տներ, վաճառում սեռական ստրկության: Միաժամանակ լավ մշակված պետական քաղաքականության համաձայն` հայ երեխաները հաստատվում էին պետական որբանոցներում[12]: Հայոց ցեղասպանության ընթացքում մուսուլմանների մոտ բռնի տեղափոխված հայ երեխաների թիվն աննախադեպ էր:
Հայ որբերի ավելի համակարգված և նպատակային կերպով իսլամացումը շարունակվել է նաև որբանոցներում, ինչը փաստող բազմաթիվ աղբյուրներ կան: Անհերքելի է, որ Հայոց ցեղասպանության տարիներին օսմանյան Թուրքիայում կիրառված բռնի կրոնափոխության գործընթացը` իր բոլոր մեթոդներով, մշակված և պետության կողմից կանոնակարգված գործընթաց է եղել[13]: Գրեթե ողջ թուրք ժողովուրդը թաթախված էր այս հանցագործության մեջ` դրսևորելով ֆանատիզմի ամենաստոր ձևերը, բռնությունները, բռնաբարությունները, խարդախությունները` հայ կանանց և երեխաներին իրենց մեջ պահելու համար[14]:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պարտված Օսմանյան պետության նոր ղեկավարները ստիպված էին կատարել հաղթող տերությունների որոշակի պահանջներ, այդ թվում` բռնի իսլամացված կանանց և երեխաների հայկական ու քրիստոնեական ինքնության վերականգնման ու իրենց համայնքներ վերադարձի պահանջը:
Թրքական իշխանությունների որոշմամբ` 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո թուրքերի և քրդերի տներում պահված հայ որբերի և կանանոցներում պահվող հայ կանանց հետագա ճակատագիրը պիտի որոշեր թուրք ոստիկանությունը[15]: Նրանք իբրև թե քննում էին երեխայի հայ կամ քրիստոնյա լինելը: Այս մասին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» թերթն իր անվստահությունն էր հայտնում. այն չէր վստահում քննությունը վարելու նրանց մեթոդներին ու ձևերին: Փաստերի հիման վրա պարբերաթերթը նաև պնդում էր, որ իսլամացված ու թրքացված հայ որբերի, աղջիկների ու կանանց` իրենց համայնքին վերադարձնելու գործը ոստիկանությունը ձգձգում էր, և նրանք հիմնականում մնում էին ավազակաբարո թուրքերի կամ քրդերի մոտ` «ենթակայ անոնց բոլոր քմահաճոյքներուն կամ բարբարոսութեանց»[16]:
Պետք է նշենք, սակայն, որ այս խնդրի լուծումը միջազգային մակարդակի տիրույթում է եղել. Արևելյան ճակատում Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց 1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության և դաշնակիցների միջև կնքված Մուդրոսի զինադադարով, որից մի քանի օր անց բրիտանական, ֆրանսիական և իտալական զորքերը մտան Կոստանդնուպոլիս: Մուդրոսի համաձայնագրի 4-րդ կետը ենթադրում էր օսմանյան պատերազմական գերիների ազատ արձակումը, ինչը շատերի կողմից ընդունվեց նաև որպես իսլամացած կանանց և երեխաների ազատագրման պահանջ: Տարհանված հայերն իրավունք ստացան վերադառնալու իրենց հայրենի տները: Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո հայ որբերի հավաքագրումն ու ազգային պատկանելության որոշումը դարձան բազմաթիվ հայ և միջազգային կազմակերպությունների ու անհատների առաջնային խնդիրներից: 1918 թ. հոկտեմբերին Մեծ վեզիր Իզզեթ փաշայի հրամանով բռնի կրոնափոխվածներին թույլատրվեց վերադառնալ իրենց կրոնին, իսկ որբերին` վերամիավորվել իրենց ժողովրդի հետ[17]: Ուժեղ ճնշման ներքո թրքական կառավարությունը հրամաններ է ուղարկում տարբեր տարածքներ` պահանջելով «անմիջապես իրենց խնամակալներին կամ համայնքին հանձնել հայ որբերին, աղջիկներին և կանանց, ովքեր գտնվում են մուսուլմանական ընտանիքներում, պաշտոնական կամ ոչ պաշտոնական հաստատություններում»` սպառնալով իրավական գործեր հարուցել այն անձանց դեմ, ովքեր չեն ենթարկվի վերոնշյալ պահանջին[18]:
Թեև բռնի իսլամացված հայ երեխաներին և կանանց գտնելու և հավաքագրման, ինչպես նաև իրենց ազգային ինքնությանը վերադարձնելու և կրոնադարձությանն ուղղված աշխատանքներին մեծապես խոչընդոտել են օսմանյան և՛ պետական մարմինները, և՛ հասրակության մոլեռանդ տարրերը, սակայն այս գործընթացին ներգրավված են եղել թե՛ օտարերկրյա կազմակերպություններ, անհատներ, թե՛ հայոց գրեթե բոլոր կազմակերպությունները, միությունները, հասարակական դասերի բոլոր ներկայացուցիչները[19]: Նշենք, որ Ազգերի լիգայի նախաձեռնությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը ևս զբաղվել է հայ կանանց և երեխաների վերադարձի խնդրով: 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրի 142-րդ[20] հոդվածը նույնպես վերաբերում էր Թուրքիայում բռնի իսլամացված քրիստոնյաներին և թույլ տալիս նրանց ազատորեն վերադառնալ իրենց նախկին կրոնին[21]: 1920 թ. դեկտեմբերի 15-ին Ազգերի լիգայի Վեհաժողովը կազմակերպության Խորհրդին հրավիրում է ստեղծելու Հետաքննիչ հանձնաժողով` պարզելու տեղահանված կանանց և երեխաների հետ կապված Թուրքիայում, Հայաստանում, Փոքր Ասիայում և հարակից տարածքներում տիրող իրավիճակը: Սակայն նշված երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Ազգերի լիգայի կողմից նշանակվում է գործին լավ տիրապետող երեք անձ, որոնք գտնվում էին խնդրո առարկա տարածքներում: Միաժամանակ որոշվում է քննությունը սկսել նախ դաշնակիցների տիրապետության տակ գտնվող տարածքներից` աստիճանաբար ընդլայնելով հետաքննության տարածքը: Ազգերի լիգայի ներկայացուցիչները պետք է աշխատեին Կոստանդնուպոլսում դաշնակիցների բարձր հանձնակատարների հետ սերտ փոխհամագործակցությամբ, իսկ Ազգերի լիգայի անդամ պետությունները պարտավորվում էին համապատասխան աջակցություն ցուցաբերել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն[22]:
Հանձնաժողովը, որը պաշտոնապես կոչվում էր «Մերձավոր Արևելքում կանանց և երեխաների պաշտպանության հետաքննիչ հանձնաժողով», հեռու էր քաղաքական որևէ նշանակությունից ու բնույթից և գործելու էր զուտ մարդասիրական նպատակներից ելնելով[23]:
Սակայն բռնի իսլամացված հայերի` սեփական ազգային ինքնությանը վերադարձնելու գործընթացում ծանրակշիռ դերակատարումը վերապահվել է Պոլսո հայոց պատրիարքարանին: Արևմտահայոց պատրիարք Զավեն Եղիայանի նախաձեռնությամբ ստեղծված Որբախնամ, Տարագրելոց, Նպաստամատույց և այլ հանձնախմբերն ու Հայ կարմիր խաչն սկսում են օգնել ցեղասպանությունը վերապրածներին և տվյալներ հավաքել թուրքերի մոտ ապօրինաբար պահվող հայ կանանց ու որբերի մասին[24]: Պատրիարքարանը նրանց հայ համայնքին վերադարձնելու պահանջով դիմում էր իշխանություններին: Անտանտի ուժերի գործադրած ճնշման հետևանքով օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը 1919 թ. փետրվարի 5-ին հրաման էր ուղարկել գավառներ, որով պահանջում էր «մուսուլման ընտանիքների մոտ գտնվող հայ կանանց և երեխաներին հանձնել հայերից կազմված հանձնաժողովին»[25]: Զավեն պատրիարքը և ազգային կառույցները փորձում էին այդ հրամանը կյանքի կոչել, թեև հասկանում էին, որ դա իրականում կեղծիք է: «Ճակատամարտը» գրում էր, որ թեև Ֆերիդ փաշայի օրոք թրքական կառավարությունը արտաքին ճնշումների ազդեցության ներքո հայտարարությունով դիմել էր իսլամ ազգաբնակչությանը` հայ համայնքին հանձնելու բռնի իսլամացված հայ որբերին, բայց հստակ էր, որ «կառավարութիւնը չ’ուզէր յանձնել իսլամացուած հայ որբերը»[26]: Այդ հայտարարություն-հրամանն այնպես էր շարադրված, որ յուրաքանչյուր թուրք կարող էր ըմբռնել դրա բուն էությունը, այն է` «անշուշտ որ չէք յանձներ»[27]: Օրաթերթը վկայում էր, որ թուրքերը հայ մանուկների հոգիներն այնպես էին թունավորել, որ կամ քույրն էր եղբորն ասում, թե ինքը հայ չէ, կամ` հակառակը: Հարյուրավոր որբուկներ փոքր էին եղել և չէին հիշում իրենց հայ լինելու հանգամանքը: Բազմաթիվ որբեր էլ սպառնալիքի ներքո ուրանում էին իրենց ազգությունը[28]:
Այս ուղղությամբ կան բազմաթիվ փաստաթղթային արխիվներ, հուշագրություններ, գիտատեղեկատվական աղբյուրներ` թե՛ վերապրողների հեղինակած, թե՛ ուսումնասիրող-հետազոտող-հեղինակների: Սակայն, ի հակադրություն այս պատմագիտական անհերքելի փաստերի` թրքական գիտատեղեկատվական տիրույթում թուրք հեղինակները շարունակում են պատմական զեղծարարության փորձերը, ինչպես, օր.` թուրք որբերի առևանգումը և բռնի քրիստոնեացումը: Մինչ գլխավոր թեմային անդրադառնալը անհրաժեշտաբար հպանցիկ անդրադարձ կատարենք օսմանյան պետության մեջ որբերի պաշտպանության իրավական կարգավիճակին, որը թուրք հետազոտողների կողմից ներկայացվում է որպես օսմանյան Թուրքիայում որբերի պաշտպանվածության փաստագրում:
Էլինա Միրզոյան
Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Akunq.net-ում