կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 17:18
Արցախ

Այսօր Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին

Այսօր Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ազգաբնակչության դեմ պարտադրված պատերազմն այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում էր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի միջև կարծիքների փոխանակում տեղի ունեցավ:

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեցին Թուրքիայի դերը հակամարտության սրման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում  Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով  Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։ 

Հայոց ցեղասպանության ժխտման փաստը Թուրքիայի հասցեին հաճախակի ուղղված քննադատություններից էր: Որոշ պատգամավորներ խստորեն դատապարտեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ  արգելված կասետային ռումբերի կիրառումը: Եվրապատգամավորները կոչ արեցին բարձր ներկայացուցիչ Բորելին` շտապ գործողություններ ձեռնարկել: Որոշ պատգամավորներ շեշտեցին, որ անհրաժեշտ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Կարծիք հնչեց, որ Իսպանիան պարտավոր է դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվրապատգամավորները կոչ արեցին կողմերին` դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Եզրափակիչ խոսքում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը խոսակցություն է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Թուրքիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Քանի որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերջին տասն օրերի ընթացքում ակտիվ աշխատանք է տարել եվրապատգամավորների հետ՝ նրանց Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններ փոխանցելով, մեզ համար ակնհայտ էր, որ պատգամավորները վրդովված են, և այս արդյունքը կանխատեսելի էր: Այսօր պատգամավորները հստակ ուղերձ հղեցին Եվրոպայի խորհրդին, ինչպես նաև Էրդողանին՝ դատապարտելով համակարտությունում Թուրքիայի ավերիչ դերը: Բացի որոշ բացառություններից, պատգամավորների համար ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղյան հակամարությունը տարածքային հակամարտություն չէ, և որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն կործանարար քաղաքականությունն են վարում»:
 
Կարապետեանը ավելացրեց. «ԵՄ-ն պետք է շոշափելի քայլերի դիմի, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: ԵՄ որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ այլ ինչ է, քան իրենց պատմական հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության գոյության հարցը: Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարական ուղիով արտահայտել է իր կամքը՝ անկախություն հայտարարելով: ԵՄ-ն պետք է հարգի այդ որոշումը և ճանաչի անկախությունը: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Եվրոպայում նրա հանձնախմբերը ակտիվորեն աշխատելու են այդ ուղղությամբ»:

Մինչ տեղի էր ունենում Եվրախորհրդարանի լիագումար նիստը, Բելգիայի և հարևան երկրների հազարավոր հայեր ու աջակիցներ խաղաղ ցույց կազմակերպեցին Բրյուսելում՝ ԵՄ հաստատությունների  առջև: Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ և խաղաղության համար այս ցույցը կազմակերպվել էր Բելգիահայ համայնքային կոմիտեի կողմից: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով ցույցին ներկա եղան և ելույթներով իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր վան Դալենը (Նիդերլանդներ), Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա) և Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս):