կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-06 12:02
Հասարակություն

Փաստաբանությունն իշխանությունների չարաշահումները ճնշող կառուցողական ինստիտուտ է. այսօր լրանում է Փաստաբանության ստեղծման 102-րդ տարին

Փաստաբանությունն իշխանությունների չարաշահումները ճնշող կառուցողական ինստիտուտ է. այսօր լրանում է Փաստաբանության ստեղծման 102-րդ տարին
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․
 
«Այսօր լրանում է Փաստաբանության ստեղծման 102-րդ տարին։ Հասկանալի պատճառներով Փաստաբանի օրը հանդիսավոր պայմաններում չենք նշում:
 
Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։
 
ՈՒղիղ 102 տարի առաջ, 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի (պառլամենտի) կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել էր փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել է փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները և մի շարք այլ հարաբերություններ։
 
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր բոլոր փաստաբաններին:
 
Փաստաբանությանը իշխանությունները հաճախ համարել են ընդդիմախոս, իսկ երբեմն նաև խանգարող ինստիտուտ, սակայն ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՃՆՇՈՂ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է:
 
Իսկ փաստաբանությունն իրականացնում է պետության ներսում հանրության իմունային համակարգի գործառույթը, հակազդելով պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց այն «հիվանդություններին», որոնք վնասում են պետությանը: Այս գործառույթն իրականացնում է յուրաքանչյուր փաստաբան ինքնուրույն պայքարելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների համար:
 
Ունե՞նք թերություններ: Այո, ունենք և ձգտում ենք ինքնամաքրվել: Ունենք ինքնամաքրվելու և՛ կամքը և՛ ինստիտուցիոնալ մեխանիզմները: Տարեց տարի մեր շարքերը համալրում են բանիմաց փաստաբանները: Տարեց տարի մենք դառնում ենք ավելի համախմբված:
 
Կրկին շնորհավորում եմ մեր փաստաբաններին: Եղեք առողջ, հաջողակ և հավատարիմ ձեր առաքելությանը»: