կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 21:01
Արցախ

Ընտրողների ճնշող մեծամասնությունը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

Ընտրողների ճնշող մեծամասնությունը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

Ազգային ժողովի՝ այսօր՝ փետրվարի 23-ին, գումարած լիագումար նիստում պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը և Արսեն Առստամյանը փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանն ասել է, որ անկախ քաղաքական հայացքներից և դիրքորոշումներից՝ պետք է գիտակցել, որ Սահմանադրությունը բոլորի  համար է, և ժողովրդի կամքով ընդունված փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուրի համար:

««Հայրենիք» խմբակցությունը, ողջունելով Սահմանադրության նախագծի համաժողովրդական հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտությունը և ակտիվ մասնակցությունը, արձանագրում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը այլևս իրողություն է»,- նշել է Ռ. Դադայանը: Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ընթացքին և դրա վերաբերյալ արձագանքներին՝ խմբակցության քարտուղարն ասել է, որ քարոզարշավն ընթացել է քաղաքակիրթ և հանգիստ պայմաններում, որոնց շնորհիվ բոլորը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեսակետները: «Հանրաքվեն կազմակերպվել էր բարձր մակարդակով, ինչը հաստատել են նաև միջազգային դիտորդները:

Այս հանրաքվեն, իր կազմակերպվածությամբ ու ժողովրդավարությամբ, մեկ քայլ առաջ էր նախորդ հանրաքվեից և ընտրություններից, և այդ հանգամանքը վստահություն է ներշնչում արդյունքների հանդեպ»,- ասել է Ռ. Դադայանը և հավելել, որ պետք է նաև հետևություններ կատարել և ապագայում շտկել տեղ գտած թերացումներն ու բացթողումները: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշել է, որ փետրվարի 20-ին ընտրողների ճնշող մեծամասնությունը «Կողմ» քվեարկելով ԱՀ նոր Սահմանադրությանը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, պատրաստակամությունը պաշտպանելու հայրենիքը և էլ ավելի հզորացնելու այն: «Մեր խմբակցությունն իր գոհունակությունն է հայտնում ժողովրդին՝ հանրաքվեին ակտիվ մասնակցության և ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ:

Մենք հարգում ենք նաև նրանց տեսակետը, ովքեր այնուամենայնիվ «Դեմ» են քվեարկել ներկայացված նախագծին: Հանրաքվեն ազատ և թափանցիկ են գնահատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նշելով բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը և արցախցիների վճռականությունը՝ կառուցել ազատ ու անկախ, ժողովրդավար երկիր»,- ասել է Վ. Բաղրյանը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ