կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 21:41
Քաղաքական

«Կա՛մ դիմել ՀԱՊԿ-ին, կա՛մ ստորագրել ռազմավարական դաշինք Արցախի հետ». Բագրատ Եսայան

Սեպտեմբեի 27-ից արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին միջազգային կառույցներն ու աշխարհի գերտերությունները սկսեցին արձագանքել միայն այդ գործողությունների մեկնարկից 3 օր անց, իհարկե, ավելի լավ է գոնե 3 օր անց աշխարհից ազդակներ ստանալը, քան առհասարակ չստանալը, բայց, միևնույն է, դրանք բավարար չեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։

«Աշխարհի հզորներից Ռուսաստանը, Ֆրանսիան՝ առանձին-առանձին, հետո նաև՝  Մինսկի խմբի համանախագահող երկրներից երեքը միասին հանդես եկան միասնական հայտարարություններով, ինչը ևս դրական է, սակայն ոչ բավարար, քանի որ մեզ հիմա կոնկրետ գործողություններ են պետք։ Ակնհայտ է, որ այս կռվում խառնված է նաև Թուրքիան, որն Ադրբեջանի հետ միասին այս պատերազմին նախապատրաստվել էր դեռևս 2016 թվականից, իսկ վերջին 2 տարում՝ առավել ինտենսիվ։ Մեկ-երկու օրվա մեջ այս պատերազմը նրանք չեն ավարտի։ Վստահաբար հայկական բանակն էլ Արցախի սահմաններին շարունակում է իր հաղթական մարտը Թուրքիայի և Ադրբեջանի  դեմ։ Արցախի պաշտպանական բանակն իր հզոր դիմադրությամբ կոտրել է հակառակորդի գործողությունների պլանը, և հիմա թշնամին այս պատերազմը կդարձնի մաշեցնող ու երկարաշունչ, և մենք պետք է երկար կռվի պատրաստվենք»,- ասաց Բագատ Եսայանը։

Ըստ նրա` ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսելուց առաջ, Ադրբեջանը հույսը դրել էր բլից-կրիգի վրա, ինչը երկու դեպքում էլ չհաջողվեց, ուստի այս անգամ պատրեազմի առաջին 3 օրերին միջազգային հանրությունը սպասողական իրավիճակում էր, որից հետո նոր հանդես եկավ հայտարարություններով, բայց վաղուց արդեն ժամանակն է՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի խոսել ոչ միայն՝ հայտարարություններով, այլ՝ գնալ գործուն քայլերի և միջոցառումների։

«Օրինակ՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան հայտարարել են, որ Արցախի սահմանին Ադրբեջանի կողից պատերազմին մասնակցում են ահաբեկչական խմբեր, ուստի, ինչպես Սիրիայում կազմակերպվեց հակաահաբեկչական կոալիցիա, այնպես էլ հիմա պետք է ձևավորվի նման կոալիցիա՝ հնարավոր շատ դաշնակիցների ներգրավմամբ։ Հայաստանն ունի պոտենցիալ դաշնակիցներ նման կոալիցիայի համար, մինչդեռ Թուրքիան այսօր խնդիր ունի բոլորի հետ՝ բացառությամբ Բուլղարիայի և Վրաստանի»,- ասաց Եսայանը։

Նրա փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ  Հայաստանի սահմանին թուրքական F-16 կործանիչը խոցեց մեր ուղղաթիռը, այդ ժամանակ մեր ձեռքի տակ ունեցանք ամուր հիմք, որ Հայաստանը դիմի այն անվտանգային համակարգի օգնությանը, որի կազմում է։

«Մենք ՀԱՊԿ-ում ենք, այլ անվտանգային կառույցում ներգրավված չենք, ուստի օր առաջ պետք է փորձենք ՀԱՊԿ-ի անվտանգային մեխանիզմները գործարկել՝ հնարավորինս արագ ստիպելու Ադրբեջանին կանգնեցնել այս ագրեսիան։ Ես չեմ հասկանում, թե մենք ինչո՞ւ ենք վարանում մեր ռազմավարական գործընկերոջ այդ մեխանիզմը գործարկել, որը թշնամու ագրեսիայից Հայաստանը կպաշտպանի։ Այս տարածաշրջանում գերտերությունն է Ռուսաստանը, եթե նա չէ այստեղ, նրա այլընտրանքը Թուրքիան է, և եթե մենք վարանում ենք դիմել Ռուսաստանին, ապա նրա այլընտրանքը դառնում է Թուրքիան»,- ասաց Եսայանը՝ շեշտելով, որ ադրբեջանաթուրքական ուժերը, եթե կոշտ դիմադրության չհանդիպեն, չեն բավարարվելու միայն Արցախի սահմաններով և փորձելու են մեկընդմիշտ հասնել պանթուրանական իրենց երազանքին՝ ինչին հասնելու քայլերից մեկն էլ այն էր, որ եթե 1920 թվականից մինչև հիմա Նախիջևանում թուրք զինվորի ոտք չէր մտել, սակայն դա տեղի ունեցավ վերջերս, երբ ապառազմականացված գոտի համարվող Նախիջանում Թուրքիան սկսեց զորավարժություններ անցկացնել։

«Այնպես որ, մեր պետության առաջնահերթությունն այս պահին հետևյալն է. կա՛մ միջազգային ճնշան միջոցով հասնել պատերազմի դադարեցմանը, կա՛մ գործարկել ՀԱՊԿ-ի անվտանգային մեխանիզմները, որ Հայաստանի բանակը ստանա  ռազմական աջակցություն։ Հայկական ուժերն այսօր պայքարում են ահաբեկչական պետության դեմ այնպես, ինչպես Սիրիայում պայքարում էին  իսլամիստ գրոհայինների դեմ։ Հաջորդ կամ-ը կարող է լինել Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինքի ստորագրումը, որը թեև պետք էր տարիներ առաջ անել, բայց լավ է գոնե հիմա գնալ դրան, քանի որ դրա համար կան բոլոր հիմքերը։ Նման դաշինքով մենք՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող ենք Արցախի կարգավիճակը մի փոքր բարձրացնել, իսկ մեր բանակն էլ կկարողանա աջակցություն տրամադրել Ացախի Պաշտպանության բանակին»,- ասաց Եսայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում