կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-29 17:44
Առանց Կատեգորիա

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, և եթե մենք դիմենք, մեզ կպաշտպանի, բայց մենք չենք դիմել․ Ռուբեն Սաֆրաստյան

«Հորիզոն»-ի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, գտնվելով հայրենիքում, բովանդակալից հարցազրույց է ունեցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, արևելագետ-թուրքագետ, պատմաբան Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Հարցազրույցն ամբողջապես նարկայացնում ենք ստորև։

- Պարո՛ն Սաֆրաստյան, ներկայում Արցախյան հակամարտության մեջ Անկարայի ուղղակի մասնակցությունը բոլորովին նոր կացություն է ստեղծել Հարավային Կովկասի ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում։ Որո՞նք էին Անկարայի դրդապարճառներն՝ այս քային դիմելու համար։

- Կարծում եմ՝ Անկարայի դրդապատճառները հասկանալու համար դրանք պետք է մի քանի հարթության վրա ուսումնասիրենք․ առաջինը՝ մեծ ստրատեգիան է (grand strategy), որը պանթյուրքիստական գաղափարների իրականացումն է։ Ես համոզված եմ, որ Էրդողանը և ղեկավարների իր այդ խումբը լուծում են նաև պանթյուրքիստական խնդիրներ և նպատակներ ունեն Արցախն Ադրբեջանին միացնելով ու Ադրբեջանը թուրքացնելով, իրենց համար նախապայմաններ ստեղծելով՝ մի կողմից գնալ դեպի Հյուսիսային Կովկաս՝ այնտեղի թյուրքալեզու ժողովուրդների մոտ սկսեն պանթյուրքիզմը՝ արդեն անմիջականորեն քարոզել, մյուս կողմից՝ Կասպից ծովի վրայով դուրս գան Կենտրոնական Ասիա և Վոլգայի շրջանները, այսինքն՝ այն շրջանները, որտեղ գտնվում են Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ժողովուրդները, երկրները (բացի Տաջիկստանից) օրինակ՝ թաթարները, բաշկիրները և Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու այլ ժողովուրդները։ Այսինքն՝ սա, կարծում եմ, պանթյուրքիստական այդ մեծ նպատակների իրականացման առաջին փուլն է։

Երկրորդը, կարծում եմ, կազմակերպելով, ղեկավարելով և մասնակցելով այս ագրեսիվ պատերազմին՝ Էրդողանյան Թուրքիան փորձում է շարունակել Աբդուլ Համիդի ու երիտթուրքերի սկսած քաղաքականությունը, ցեղասպանության քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ։ Այն, ինչ տեսնում ենք և ինչը կարելի է սպասել, ըստ էության, ցեղասպանության շարունակություն պետք է լինի։ Փաստորեն, Էրդողանն իր վրա վերցրել ՝ Աբդուլ Համիդից սկսած՝ երիտթուրքերից, Մուստաֆա Քեմալից, Աթաթուրքով շարունակված՝ հայոց ցեղասպանության վերջին փուլն իրագործելու իրենց խնդիրը։ Իհարկե, կարծում եմ, նրանք համոզված են՝ դեռևս չեն կարող Հայաստանի վերջը տալ։ Բայց, Արցախի հետ կապված՝ կարծում եմ՝ նրանք ուզում են ոչ միայն գրավել այն, այլև հնարավորինս, այնտեղ իրակաանացնել հայ ժողովրդի կոտորած։

- Այսինքն՝ ուղղակի հայասպանությունն ու հայաթափումը ցանկանում են շարունակել․․․

- Այո՛, ուզում են շարունակել։ Եվ երրորդ նպատակը՝ Ադրբեջանը թյուրքացնելն է և Թուրքիային միացնելը։ Հիմա մենք տեսնում ենք, որ շատ արագ տեմպերով Ադրբեջանը կորցնում է իր ինքնուրույնությունը և դառնում Թուրքիայի խամաճիկ պետություն։ Ադրբեջանում գտնվում են Թուրքիայի հատուկ ծառայությունները, սպաները․ Տեսնում ենք՝ ինչպես է Ալիևը ենթարկվում Թուրքիայից եկող հրամաններին և այլն․․․ Թուրքիան նաև օգտագործում է Արցախյան այս ագրեսիվ պատերազմի պատրվակը՝ Ադրբեջանը լրիվ իր ազդեցության ոլորտ դարձնելու համար։ Պատահական չէ, որ հենց Թուրքիայում շրջանառության մեջ մտցվեց հետևյալ կարգախոսը․ «Երկու պետություն՝ մեկ բանակ», այսինքն՝ բանակից պետք է սկսի դա։ Այնպես որ, դրանք են նպատակները։

Իսկ եթե նայենք աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական տեսակնետից, այսինքն՝ մեծ քաղաքականության տեսակետից, ապա պետք է ասել՝ Թուրքիան հիմա լուծում է հետևյալ խնդիրը․ այստեղ՝ Հարավային Կովկասում դիրքեր և ազդեցության ոլորտներ ստանալ ու հնարավորինս թուլացնել, գուցե և, եթե հնարավոր լինի, այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Սա էլ արդեն Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշվարկներն են, այնպես որ՝ Թուրքիան իր առջև բանական մեծ թվով խնդիրներ է՝ այս ագրեսիվ պատերազմը նախաձեռնելով ու ղեկավարելով, հետևաբար՝ սպասել, որ Թուրքիան ետ կկանգնի, դա, կարծում եմ, իմաստ չունի, որովհետև նրանք շատ մեծ խաղադրույքներ են այստեղ դրել։

-Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական մարտավարությունն ինչպե՞ս կվերլուծեք՝ սկսած նախ Սիրիայի, ապա Լիբիյի հակամարտությունում, ինչո՞ւ ոչ, նաև Կիպրոսի ճակատում է շարունակում իր թշնամական կեցվածքը և մինչև այսօր էլ Հյուսիային Սիրիայում է։


- Այս ամենին պետք է ավելացնեմ նաև Հյուսիային Իրաքը, որովհետև այնտեղ նրանք ունեն իրենց ռազմաբազաները, այսինքն՝ երբ ցանկանում են, մտնում-դուրս են գալիս։ Այս ամենը մի ծրագրի մաս է կազմում։ Պատահական չէ, որ Թուրքիան այս կերպ տարբեր ուղղություններ է փորձում իր ծավալապաշտական քաղաքականության մեջ մտնել ու իրականացնել։ Կարծում եմ՝ որոշակի ընդհանուր գաղափար կամ նույնիսկ ծրագիր կա Էրդողանի գլխում, որը հետևյալն է՝ «ազգային ուխտ»-ի իրականացումն է։ «Ազգային ուխտ»-ի գաղափարը դեռևս Աթաթյուրքն է առաջ քաշել, և օսմանյան վերջին խորհրդարանը 1920 թվականի հունվարի վերջին դա հաստատել է՝ հունվարի վերջին, փետրվարին․ աշխարհին սա հայտնի է դարձել։ Այն, ինչ այսօր անում է Թուրքիան, ըստ էության, «ազգային ուխտ»-ի քարտեզների այն հատվածների վերամիացում է Թուրքիային, ինչը չհաջողվեց Աթաթյուրքին։ Օրինակ՝ Հյուսիսային Սիրիան․ Էրդողանը դրա մասին բացեիբաց խոսում և ասում է․ «մենք պետք է ավարտին հասցնենք այն գործը, որը սկսել է Աթաթյուրքը, որը մեզ չհաջողվեց դա իրականացնել Լոզանում։ Լոզանը, փաստորեն, դավաճանություն էր մեր շահերի նկատմամբ»։ Լոզանում հաստատվեց Թուրքիայի վերջին այն սահմանը, որը հիմա կա, բացի Ալեքսանդրիտի սանջակից՝ Իսկենդերունի շրջանից, որն Աթաթյուրքը կարողացավ իր մահից առաջ այդ գործընթացը սկսել, և այդ գործընթացն ավարտվեց Սիրիայի տարածքը միացվեց Թուրքիային․ դա ևս «ազգային ուխտ»-ի մասն է կազմում։ Այնպես որ՝ ես կարծում եմ՝ այստեղ մենք գործ ունենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հետ։

- Իսկ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը կասեցնելու հարցում ինչպիսի՞ն է Ոուսաստանի դիրքորոշումը:

- Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու համար պետք է վերլուծենք Ռուսաստանի շահերը և ինչպես է այդ երկիրը ձևակերպում այդ շահերը։ Եթե մենք փորձում ենք հասկանալ Ռուսաստանի դիրքրորոշումն այս Արցախյան ագրեսիվ պատերազմում, ապա Ռուսաստանն այստեղ բավական զգուշորեն է մոտենում։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում։ ՀԱՊԿ-ը ռազմաքազաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, և եթե մենք դիմենք, մեզ կպաշտպանի, բայց մենք չենք դիմել։ Մենք Ռուասատանին ել չենք դիմել, որ մեզ պաշտպանի, և Ռուսաստանը փոձում է իր դերի մեջ մնալ որպես Մինսկի խմբի համանախագահ, որպես միջնորդ։ Սա է Ռուսաստանի ներկայից դիվանագիտության առանձնահատկությունը։ Ռուաստանը բացահայտ չի կանգնում Հայաստանի կողքին, բայց ես համոզված եմ, նաև ՀՀ ղեկավարները բազմիցս նշել են՝ Ռուսաստանը կատարում է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները։ Այժմ Ռուասատանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ, որը հավասար հեռավորության վրա է երկու կողմերից․ սա դիվանագիտական առումով Ռուսաստանի դիրքորոշումն է։

Բայց, ես համոզված եմ՝ եթե Թուրքիային հաջողվի (թեև համոզված եմ՝ չի հաջողվի) իր ծրագրերն իրականացնել Արցախում, այնուհետև կսկսի իրականացնել իր ծրագրերը հյուսիսային Կովկասում՝ այսինքն՝ Ռուսաստանի տարածքում, և այն ժամանակ Ռուսասատանի դիրքորոշումն ավելի կոշտ կլինի։ Ռուսաստանի դիրքորոշման որոշ կոշտացում ես նկատել եմ՝ կապված այն հանգամանքի հետ, որ Կասպից ծովում շատ անսպասելի կերպով ռուսական նավատորմը սկսեց զորավարժություններ և դրանց ընթացքում, ինչպես հայտարարվեց Ռուսաստանի կողմից, օգտագործվում են իրական փամփուշտներ, այսինքն՝ ոչ թե ուսումնական կրակոցներ են լինում, այլ կիրառվում են իրական փամփուշտներ։ Կարծում եմ՝ սա որոշակի առումով զսպող դեր պետք է խաղա, որովհետև ծովից Բաքուն լրիվ բաց է, իսկ ռուսական նավատորմը որը կա, իհարկե, փոքր է, շատ մեծ չէ, բայց այնպիսի զենքեր ունեն, որ շատ հանգիստ կարող է տարբեր խնդիրներ լուծել։ Հիշեցնեմ, որ հենց Կասպից ծովի նավերից Ռուսաստանն առաջին անգամ հարվածներ հասցրեց «Իսլամական պետության» կենտրոններին՝ Սիրիայում։ Այսինքն՝ Կասպից ծովի նավերից կալիբր հրթիռներով հարվածեցին Սիրիայի այն տարածքին, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։

Սա պետք է զսպող դեր խաղա, ցույց տա, որ Ռուսաստանն արդեն անհնգստանում է։ Այնպես որ, եթե ընդհանրացնեմ, Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ շատ սերտ քննարկումների մեջ է Ռուաստանի ղեկավարության հետ, գոհ է Ռուսաստանի դիրքորոշումից, բայց դիվանագիտական առումով Ռուսաստանը փորձում է հնարավորինս Մինսկի խմբի շրջանակում մնալ, դուրս չգալ։

Մեր զրույցի վի հանգամանք էլ նշեմ․ ես համոզված եմ՝ եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին, դա կլինի այն դեպքում, եթե ուղղակի հարձակում լինի Հայաստանի տարածքի վրա՝ ադրբեջանաթուրքական այդ տանդեմի կողմից։ Այս դեպքում, Ռուսաստանը կմիջամտի և կօգնի։