կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 16:50
Քաղաքական

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի հռչակագիրը

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի հռչակագիրը

Հիմք ընդունելով 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագիրը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին,

հարգելով Արցախի ժողովրդի՝ սեփական իշխանությունները ձեւավորելու անօտարելի իրավունքը,

հաստատելով հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին, սկզբունքներին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին,

կարեւորելով միջազգային իրավունքի եւ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային խաղաղության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի փոխկապակցվածությունն ու անքակտելիությունը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը եւ իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ նրա ճանաչված չլինելու հանգամանքը էապես սահմանափակում են Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացումը,

համոզված լինելով , որ՝

- արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության  եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ կիրառումն է,

- հակամարտության չկարգավորված վիճակը ոչ մի կերպ չի կարող կաշկանդել այդ տարածքներում բնակվող մարդկանց տարրական իրավունքներն ու ազատությունները,

նկատի ունենալով՝

- 1994 թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի մասին անժամկետ պայմանագրով եւ հրադադարի ռեժիմը ամրապնդելու եւ սահմանային միջադեպերը կարգավորելու վերաբերյալ 1994 թ. հուլիսին ստորագրված եռակողմ լրացուցիչ արձանագրությամբ ձեռք բերված համաձայնություններնամրապնդելու անհրաժեշտությունը,

- 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ ԵԱՀԽ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման առաջնահերթությունը,

- Հայաստանի ստանձնած հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը  եւանվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը,

- Ադրբեջանի կողմից  շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի վերահսկման վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների խափանումը  եւ փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված նորմերից ու պահանջներից, ինչպես նաեւ պատերազմը վերսկսելու նրա մշտական սպառնալիքները,

- բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով ԼՂՀ լիիրավ մասնակցության անխուսափելիությունը,

- բանակցային գործընթացում ԼՂՀ անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը,

- ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը քաջալերելու, Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը:

- քաղաքացիական իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի իրավահարաբերությունների մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ մինչեւ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը.

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը նախաձեռնում է ի պաշտպանություն այդպիսի դաշինքի համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց, ձեւավորում է այդ աշխատանքները կազմակերպող մարմին եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների առկա բացը լրացնելու եւ երկու կողմերի միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու ուղղությամբ։