ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկվանից Դաշնակցության գրասենյակում կամավորների անդադար հոսք է։
75 տարեկան պապի, որ համոզում էր, որ իսկը իր կռվելու ժամանակն է, ու առողջական խնդիրներից մենակ թեթև ինֆարկտ է տարել,
60 անց տղամարդ, որ երբ իմացավ, որ տարիքային սահմանափակում կա՝ նախ բողոքեց, որ գործից հասկացող չկա, հետո էլ փորձեց կեղծել տարիքը,
աղջիկ, որ ապացուցելու համար, որ ինքը պատրաստ է, ասաց, որ ծնողները բժիշկներ են ու մենք չենք էլ կարող պատկերացնել այն՝ ինչն ինքը տեսել է,
երիտասարդ տղաներ, ովքեր հրաժարվեցին կամավորագրվել, երբ իմացան, որ անմիջապես չեն մեկնելու ու գնացին ավելի կարճ ճանապարհ փնտրելու։
Ու ամենահետաքրքիրը՝ Հանրապետության փողոցի մեր գրասենյակում գրանցվելուց հետո շատերը գնում ու Արամի արձանի մոտ սպասում էին, որովհետև առավոտյան Արցախ մեկնողներն այնտեղ էին հավաքվել։
Գիտեմ, որ զինկոմիսարյատներում էլ է նույն իրավիճակը։ Ես մենակ ուզում եմ մենք գիտակցենք, որ իրական ու անհաղթելի ուժը սա է։ Ոչ ոք, ոչ մի զենք, ոչ մի վարձու բանակ չի կարող հաղթել այսպիսի ազգին։ Չգիտեմ՝ ով է նեղվում մեր փոքրությունից ու քչությունից, բայց փոքր ու քիչ լինել նշանակում է լինել մոբիլ և տարբեր կապերով կապված, լինել նույն մագնիսական դաշտում, կարևոր երևույթների վերաբերյալ ունենալ միանման զգացողություններ։