կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 00:03
Քաղաքական

Զարիֆը գնահատել է «կանաչ միջանցքների» մասին Պուտինի գաղափարը

Զարիֆը գնահատել է «կանաչ միջանցքների» մասին Պուտինի գաղափարը

«Կանաչ միջանցքների» վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկն առանց պատժամիջոցների առեւտրի համար կօգնի ձերբազատվել առեւտրական պատերազմներից: Թեհրանը ողջունում է այն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Պուտինը, սեպտեմբերի 22-ին հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ առանց պատերազմների ու պատժամիջոցների առեւտրի համար, այդ թվում՝ պարենամթերքի համար «կանաչ միջանցքներ» սահմանելու ՌԴ-ի առաջարկն այժմ հատկապես հրատապ է: «Մենք կարծում ենք, որ «կանաչ միջանցքների» մասին առաջարկը ներկա պայմաններում շատ կարեւոր է, որովհետեւ այժմ աշխարհում իրադրությունը վտանգավոր է ու շատ բարդ. ոչ մեծ վիրուսը կարողացավ ծնկի բերել ողջ համաշխարհային տերություններին, եւ եթե պետությունները չհամագործակցեն, ապա չեն կարողանա հաջողությամբ դուրս գալ այս աղետից»,-հայտարարել է Զարիֆը:

Նրա խոսքով՝ այժմ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի, Իրանի եւ ՉԺՀ-ի դեմ՝ առավելագույն հնարավոր ճնշում գործադրելով: Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ը «վտանգավոր տնտեսական պլաններ է իրագործում նույնիսկ իր բարեկամների ու դաշնակիցների նկատմամբ, օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից դիմադրությունը «Հյուսիսային հոսք» նախագծին»: «Ուստի այդպիսի պայմաններում «կանաչ միջանցքների» մասին Պուտինի առաջարկությունը շատ լավ է եւ ըստ Էության միանշանակ ձերբազատում է առեւտրական պատերազմներից, եւ նույնիսկ այն պատերազմներից, որոնք կապված են դեղամիջոցների ու պարենամթերքի հետ, այն պայմաններում, երբ կորոնավիրուսը լուրջ սպառնալիք է աշխարհի համար»,-ընդգծել է նախարարը: