Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախությունն Արցախյան շարժման ծնունդ էր. 1988 թվականին անկախության մասին չէինք մտածում, այլ հավատում էինք, որ Արցախյան խնդիրը կարող է լուծվել արդար ձևով՝ Խորհրդային միության սահմաններում. Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի հիմնադիր անդամ, պահեստազորի սպա` կապիտան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Բանախոսը նշում է՝ անկախության գաղափարը սկսեց բարձրացվել 1989 թվականից:
«1989 թվականի մայիսին ցույցերի ժամանակ բարձրացվեց Եռագույնը, և մարդիկ սկսեցին խոսել անկախության մասին: Մեկ տարի անց սկսվեց այդ գործընթացը», - հիշում է Արթուր Եղիազարյանը:
Նշում է` ժողովուրդն այն ժամանակ չէր մտածում, որ Սովետական միությունը կարող էր վերանալ, բայց համարձակվեց գնալ հանրաքվեի` անկախանալու համար:
«Անկախությունը միայն սեպտեմբերի 21-ի հանրաքվեն չէր: Այդ օրը ժողովրդի կամքի դրսևորումն էր, իսկ անկախությունը մենք նվաճեցինք դրանից հետո՝ մի քանի տարի տևած պատերազմի ընթացքում»,- ասում է Եղիազարյանը:
Շուշիի ազատագրումից հետո Եղիազարյանն ակտիվ գործունեություն ծավալեց Շուշիում: Հիշելով այդ տարիները՝ զրուցակիցս նշում է՝ անտարբեր հնարավոր չէր լինել:
«Հայ մարդն ապրում է այնտեղ, որտեղ աշխատանք կա, որտեղ իր երեխան կարող է կրթություն ստանալ: Շուշին մոտ 70 տարի հայաթափված էր, և նույնիսկ Խորհրդային միության տարիներին Շուշիում ապրում էր 3000 հայ և 18 000 ադրբեջանցի: Այնտեղ ադրբեջանցիները կենտրոն էին ստեղծել` բուն Արցախի ներսում: Այս վիճակը պետք էր փոխել ու վերահայացնել Շուշին»,- պատմում է Արթուր Եղիազարյանը:
Խոսելով Շուշիում «Արամ Մանուկյան» ազգային վարժարան բացելու մասին՝ նա նշում է, որ այն շատ լուրջ դեր խաղաց Շուշիի բնակեցման և հայության պահպանման համար՝ նպաստելով Շուշիում մշակութային կյանքի արթնացմանը:
Երբ խնդրում եմ զրուցակցիս անցած տարիների մասին հետաքրքիր հիշողություններ պատմել, անկեղծանում է՝ հիշողությունները շատ են, երբեմն էլ անհավատալի է թվում, որ հենց իրենք են անցել այդ ամենի միջով: Եղիազարյանն ընդգծում է՝ հայի տեսակի կարևոր հատկանիշներից մեկը հավատն է ապագայի նկատմամբ:
«Մի դեպք պատմեմ. իմ հարևանությամբ Շուշիում շահումյանցի մի ընտանիք էր ապրում: Մի օր, երբ Շուշին ռմբակոծվում էր, տան հայրը տանիքն էր վերանորոգում, և այդ պահին ադրբեջանական ինքնաթիռը ռումբ է նետում, որը մեր տներից մի քիչ հեռու է ընկնում: Պայթյունի ալիքը հարվածում ու փլում է տանիքը: Ինքնաթիռը հեռանում է, այդ մարդը դուրս է գալիս, սկսում նորից տանիքը կառուցել, չի մտածում, որ մի ժամ հետո կամ հաջորդ օրը նորից ինքնաթիռ կգա, կռմբակոծի: Այսինքն՝ այդ հավատն էր, որ պիտի ապրեր: Այդ ժամանակից ես վստահ ասացի՝ մենք այս պատերազմը հաղթելու ենք, չի կարող նման կամային հատկություն ունեցող ժողովուրդը պարտվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան