կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 23:42
Տնտեսական

Հայաստանի ռեստորանային բիզնեսի շրջանառությունը 2020-ին կկազմի նախորդ տարվա 25-30 տոկոսը. Աշոտ Բարսեղյան

Հայաստանի ռեստորանային բիզնեսի շրջանառությունը 2020-ին կկազմի նախորդ տարվա 25-30 տոկոսը. Աշոտ Բարսեղյան

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի ռեստորանային բիզնեսի շրջանառությունը 2020-ին նախորդ տարվա համեմատ կկազմի 25-30 տոկոս, եթե երկրորդ լոքդաունը չլինի։ Այս կանխատեսումը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ նկատելով, որ դա լավագույն կանխատեսումն է։

Նրա խոսքով՝ շատերը տնից դուրս չեն գալիս, իսկ դուրս եկողները կրճատել են իրենց ծախսերը ռեստորաններում։ «Տնային տնտեսությունները կորցրել են իրենց եկամուտների որոշ մասը, և բնական է, որ ռեստորաններում կատարվող ծախսերը առաջնահերթ չեն։ Եվ այժմ մենք հիմնականում երիտասարդների ենք տեսնում ռեստորաններում»,- նշեց ռեստորատորը։

Անդրադառնալով համավարակի շրջանում առաքման ծառայությունների զարգացմանը՝ Աշոտ Բարսեղյանը նկատեց, որ ոչ բոլոր ռեստորաններն ունեն իրենց առաքման ծառայությունը, և շատերն օգտվում են ագրեգատորների առաքման մասնագիտացված ծառայություններից։ «Այստեղ բիզնեսն ավելի շատ կարելի է զարգացնել կիսաֆաբրիկատների ուղղությամբ, քան պատրաստի արտադրանքի առաքման։ Կարանտինի ընթացքում Հայաստանում որքան բակում դրվող ածուխով գրիլ կար, բոլորը գնել էին։ Մարդիկ սկսել էին պատրաստել տանը։ Այստեղ նոր բիզնես հեռանկար է բացվում՝ կիսաֆաբրիկատների առաքումը»,- ընդգծեց նա և կարծիք հայտնեց, որ ուտեստների առաքումը, այնուամենայնիվ, չի կարող փոխարինել բիզնեսն օպերացիոն տեսակետից. «Մեր բիզնեսում առաքումները ծավալով միշտ եղել են հավելում մեր ընդհանուր օպերացիոն գործունեությանը և շրջանառության 10-15 տոկոսից չեն անցել։ Ցուցանիշի կրկնապատկման դեպքում էլ առաքումն առանձին բիզնես չի դառնա»։

Ռեստորանային բիզնեսի թվայնացումը, Աշոտ Բարսեղյանի կարծիքով, առնչվելու է խոհանոցին, այլ ոչ թե սպասարկմանը։ Օրինակ՝ ռեստորանային ցանցերից մեկն ունի պատվերների կանխատեսման օպերացիոն ծրագիր, որը, ստանալով ամբողջ տեղեկատվությունը պատվերների մասին ինչ-որ ժամանակաշրջանի համար, վերլուծության է ենթարկում այն և խոհանոցի տարբեր հատվածներին տալիս է կոնկրետ ժամին որոշակի կիսաֆաբրիկատներ պատրաստելու հրահանգ, որովհետև, սովորաբար, այդ օրվա այդ ժամին այդ պատվերները գալիս են։ Թվայնացման այս օրինակի շնորհիվ հաճախորդն ավելի արագ է ստանում իր պատվերը։

Պատասխանելով ռեստորանային բիզնեսում տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին հարցին, ռեստորատորը նշեց, որ այդ հարցի պատշաճ լուծման մասին հոգացող ռեստորանները կիրառում են միջազգային հայտնի ընկերությունների մշակած հաշվառման օպերացիոն ծրագրերը, որտեղ ռիսկերը նվազագույնի են հասցված։ Խնդիրն այն է, որ, մասնավորապես, ստարտափների կողմից առաջարկվող բոնուսների կուտակային, առցանց ամրագրման ծրագրերը, պետք է անցնեն օպերացիոն ծրագրերը մշակողների անվտանգության թեստը, որ կարողանան ինտեգրվել ռեստորանում կիրառվող ծրագրին։ «Ստարտափների առաջարկած խոցելի ծրագիրն օգտագործելու դեպքում ցանցահեններն այդ ծրագրի միջոցով կարող են թափանցել ռեստորանի օպերացիոն ծրագիր»,- ընդգծեց Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, որ շատ ռեստորաններ հաճախորդներին չեն բաժանում իրենց համացանցային թրաֆիկը բաց Wi-Fi ցանցով, քանի որ իրենց օպերացիոն ծրագիրն օգտագործում է նույն IP-ները, ինչ որ բաց Wi-Fi-ը, և սա նույնպես անվտանգության խնդիր է առաջացնում։ Նրա խոսքով՝ կիբեռանվտանգության ռիսկերից խուսափելու համար ռեստորանի օպերացիոն ծրագիրը պետք է աշխատի փակ ցանցում, և ծրագրին հասանելիությունները պետք է տրամադրվեն պատշաճ ընթացակարգով և այն աշխատակիցներին, որոնց հասանելիությունն իսկապես անհրաժեշտ է։ Բացի այդ, պետք է անպայման համագործակցել մասնագիտացված ՏՏ-ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որոնք ապահովում են պատշաճ կիբեռանվտանգություն և ճիշտ խորհուրդներ են տալիս։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն