Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում, և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել Դուք. ըստ Yerkir.am-ի՝ ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ Խունդկարյանը 2010-2018 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը, և մեջբերեց այդ ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցը, որում նշվում է, որ դատարանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը, կոռուպցիոն գործարքների մեջ են, դատավորները անկաշկանդ չեն։
Երվանդ Խունդկարյանը վստահեցրեց, որ իր գործունեության ընթացքում որևիցե զոնալ դատավոր համակարգի գոյության մասին որևիցե ընթացակարգ կամ ներքին մեխանիզմ երբևէ գոյություն չի ունեցել:
«Ավելին՝ ես ինձ վրա որևէ ճնշում չեմ զգացել, և նման ճնշումների առկայության դեպքում թե՛ ես, թե՛ ցանկացած դատավոր պարտավոր էր դատավորների անկախությունը երաշխավորող մարմինների առջև այդ հարցը բարձրացնել։ Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված այդ արտահերթ ելույթին, որը 2009 թվականի դեկտեմբերին էր, ապա մենք՝ դատավորներս, սովոր ենք խոսել փաստերի և ապացույցների լեզվով և անապացույց անփաստարկ որևէ մեկնաբանությունների չենք կարող որևէ կերպ արձագանքել»,- ասաց նա:
Խունդկարյանը հիշեցրեց, որ Պաշտպանի այդ ելույթին արձագանքել է Դատավորների միության խորհուրդը 2009 թվականի դեկտեմբերին, և այդ հայտարարությանն ավելացնելու որևէ այլ բան ինքը չունի:
«Ամբողջ հենքը նրանում էր, որ որոշակի բամբասանքների հիման վրա առկա որևէ տեղեկատվություն չի կարող բարձրաձայնվել։ Եթե կային համապատասխան կոռուպցիոն գործողություններ, և եղել են որոշակի հանցավոր գործողություններ, ապա դրանով օժտված է ոչ թե Վճռաբեկ դատարանի դատավորը կամ որևէ պալատի նախագահ, այլ համապատասխան լիազորություններ ունեցել է և ունեն համապատասխան քննչական մարմինները և, իմ կարծիքով, նրանք այդ հետաքննությունը իրականացրած կլինեին»,- հավելեց նա:
Անի Սամսոնյանը հակադարձեց․ «Ձեր մասնակցությամբ կայացված բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ում հասել են այն բանին, որ պետությանը բերել են նյութական մեծ կորուստներ: Նաև խնդրում ենք ասեք՝ Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»:
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ «Ա1+»-ի գործով ինքը հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր:
«Միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումներն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների կամ վարքագծի վերաբերյալ, բայց ես զարմացած եմ տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, և նրա թույլ տված սխալների հետևանքով է որ «Մետեքս» ՍՊԸ-ն արդյունքում պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել։ Եթե նման հայտարարություններ են արվում, ես տարակուսում եմ՝ արդյո՞ք մարդիկ կարդացել են ՄԻԵԴ-ի այդ վճիռը, որում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման տեսանկյունից, որ տնտեսական դատարանի վարքագիծը և գործողությունները եղել են օրինական, որովհետև տնտեսական դատարանն ինքը քննարկել է բոլոր կողմերի միջնորդությունները»,- հիշեցրեց Երվանդ Խունդկարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: