կարևոր
1831 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-18 11:27
Հասարակություն

Մանրամասներ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցած տոնական ֆուրշետի արարողությունից. «Ժողովուրդ»

Մանրամասներ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցած տոնական ֆուրշետի արարողությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունից:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ վճռաբեկ դատարանում երբեւէ աշխատած բոլոր նախկին եւ ներկա դատավորները։ Միջոցառումը սկսվել է Վճռաբեկի նախագահ, իշխանությունների «սրտի դատավոր» Լիլիթ Թադեւոսյանի ելույթով, որից ներկաները որեւէ բան չեն հասկացել եւ կարծիք են հայտնել, որ նախագահը խոսեց «20 րոպե՝ ոչնչի մասին»։

Ավելի ուշ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է հումորներ անել մտերիմ երեկոն ամբողջացնելու համար, սակայն այդ հումորները եւս ներկա դատավորներից շատերի ամար անընկալելի են եղել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախկիններից միջոցառմանը մասնակցել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, սակայն ուշագրավ է, որ միջոցառմանը չի մասնակցել Վճռաբեկի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Չի մասնակցել նաեւ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը։

Ի տարբերություն Խունդկարյանի, որը Երեւանում է, Մանուկյանը երկրում չէ, թեեւ հայտնի չէ՝ լինելու դեպքում կմասնակցեր, թե ոչ։ Իսկ ներկա դատավորները ներկայացուցչական կազմով բոլորը մասնակցել են միջոցառմանը։ Ավելին՝ ներկաներից լայն ժպիտով, առանձնակի հիացմունքով եւ հարգանքով մասնակցել են այնպիսի դատավորներ, որոնք սկզբունքորեն հաշտ չեն իշխանությունների արած քայլերի, դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետ։ Միջոցառմանը մասնակից մեր աղբյուրին զարմացրել էր նաեւ որոշ «սկզբունքային» դատավորների ջերմ, ակտիվ ձեռքսեղմումները, ողջագուրումները իշխանության ներկայացուցիչների հետ։

Հետաքրքիր է՝ իսկ շնորհավորանքների, ձեռքսեղմումների արանքում գոնե մի երկու բառ հնչեցրել են արդյոք իրենց մտահոգությունների մասին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում