Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ:
Հիշեցնենք՝ Քոչարյանը հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրել էր նրա խափանման միջոցն ու ազատ արձակել:
Դրանից հետո արդեն ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով նախկին նախագահին կալանավորել: Եվ ահա, ՀՀ վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տևած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են՝ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել և այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` նոր քննության:
Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես` քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նախագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա: Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով՝ խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել:
Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել՝ պահանջելով ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: