կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-12 13:53
Հասարակություն

Հոգեհանգստի կարգ՝ նվիրված Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին

Հոգեհանգստի կարգ՝ նվիրված Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշել է, որ Լիբանանում կյանքը շարունակվում է և պետք է զոհերին միշտ հիշելով առաջ շարժվել:

«Մենք այսօր ոգեկոչեցինք զոհվածների և մանավանդ հայ զոհերի քառասնօրյա հոգեհանգիստը: Կյանքը շարունակվում է, մենք միշտ կհիշենք զոհերին, սակայն Լիբանանը և լիբանանահայությունը պետք է վերականգնվի` շնորհիվ բարեկամ պետությունների, սփյուռքահայ մեր եղբայրների բարոյական և նյութական սատարման: Դա խթան կլինի, որպեսզի պահենք մեր այնտեղի համայնքը և կարողանանք առաջ գնալ»,- ասել է Հակոբյանը:

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշել է, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն այս պահին հստակ չէ, նրանց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ ավելի ծանր վիրավորների շրջանում ժամանակ առ ժամանակ մահվան դեպքեր են արձանագրվում:

«Վիրավորների թիվը շատ անհստակ է, պայթյունի վիրավորների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է: Մեծամասնությունն ապաքինված է, պատահում է, որ ծանր վիրավորներն իրենց հոգին են ավանդում, սակայն բուժման ընթացքը շարունակվում է: Կա գույքային մեծ վնաս, մարդիկ կան, որ անտուն են այսօր: Հուսամ, որ նրանց տներն էլ կվերականգնվեն»,- նշել է Սևակ Հակոբյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 հայ։