կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 19:32
Տնտեսական

Սոցիալական վիճակագրությունում քաղաքական պատվերի ուրվագիծ է երևում․ Ավետիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, սակայն սոցիալական կոլապս ու ճգնաժամ միանաշանակ չունենք։ Վարչապետի խոսքով՝ ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառության ցուցանիշները կարող են վկայել, թե սոցիալական վիճակն ինչ աստիճանով է վատթարացել երկրում։

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, այդ իրավիճակի գնահատման ցուցիչների, տարեվերջում ակնկալվող սոցիալ-տնտեսական իրավիճակի ու տնտեսական ակիտվության ցուցանիշի մասին Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

– Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կանգնել են սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների առջև։ Պարո՛ն Ավետիսյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վնասներ է հասցրել համավարակը ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ի՞նչ ունենք այսօր։

– Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում մենք շարունակում ենք արձանագրել բացասական միտումներ։ Համաճարակով պայմանավորված՝ դեռևս պահպանվում են որոշ տնտեսական սահմանափակումներ։ Արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով, հետևաբար սահմանափակումներ կան և դրանց փոփոխությունը դեռևս օդում կախված է։ Եթե արդեն արձանագրված բացասական միտումներին գումարենք նաև այս անորոշությունը, ապա կարող ենք ասել, որ էական մտահոգություններ կան տնտեսական զարգացումների և սոցիալական հետևանքների առումով։

– Երկրում սոցիալական կոլապս ու ճգնաժամ միանշանակ չունենք. ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ մասին վկայում են ՀԴՄ կտրոններով արձանագրված առևտրաշրջանառության ծավալները։ Արդյոք մեկ ցուցիչը բավարար է սոցիալական իրավիճակը գնահատելու համար։

– Նախ նշեմ, որ տնտեսական կոլապս, սոցիալական ճգնաժամ գնահատումներն ավելի շատ քաղաքական բնույթի են։ Որքան էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գնահատումներ լինեն, այնուամենայնիվ, իրականությունը մնում է իրականություն, և օբյեկտիվ իրավիճակի համակողմանի գնահատումը խիստ անհրաժեշտ է․ փափուկ բարձ դնելու քաղաքականությունն արդյունավետ միջոց լինել չի կարող։

Սոցիալ-տնտեսական իրավիճակին մեկ ցուցանիշով գնահատական տալը, մեղմ ասած, հասկանալի չէ։ ՀԴՄ կտրոնների 2,5 %-ով կրճատման վերաբերյալ տվյալը բացարձակապես պարզ չէ և համադրելի ու համարժեք չէ այն ցուցանիշների հետ, որոնք ուղղակիորեն պայմավորում են այս ցուցանիշը։ ՀԴՄ կտրոններով արձանագրված արդյունքները պայմանավորված են մանրածախ ու մեծածախ առևտրում և ծառայությունների ոլորտում իրականացված շրջանառությամբ։

Վիճակագրության վերջին թվերը, ցուցանիշները հետևյալն են՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտուրը կրճատվել է 11 %-ով, մանրածախ առևտուրը՝ 18 %-ով, ծառայությունների ոլորտում անկում է արձանագրվել 22 %-ով։ Այս շրջանառությունը կազմում է ՀԴՄ բազան, և այս ոլորտներում շրջանառությունը նվազել է վերոնշյալ չափերով՝ գրեթե 4-5 անգամ ավելի, քան ՀԴՄ շրջանառությունն է, ապա այստեղ լրացուցիչ բացատրության անհրաժեշտություն կա։

Եթե ասեն՝ ստվերն է կրճատվել, ապա ակնհայտորեն այս ոլորտներում վերջին մի քանի տարիներին հարկային վարչարարությամբ ստվերի կրճատում է տեղի ունեցել։

Այս նույն թվի մասով հակասություն է առաջանում նաև, որ 2020 թվականի հուլիսին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 18 %-ով. ապա ինչպե՞ս է ստացվում, որ առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակը 2020 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցել՝ շուրջ 10 %-ով, միջին աշխատավարձն այս ոլորտում աճել է 5 %-ով։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականի հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առևտրի ոլորտում միջին աշխատավարձը աճել է և աճել է նաև աշխատողների թիվը, իսկ նույն ժամանակահատվածում առևտրաշրջանառությունը կրճատվել է 18 %-ով։ Սա անհասկանալի է, և կարծում եմ՝ այստեղ գործ ունենք վիճակագրական ակնհայտ մանիպուլյացիաների հետ. խնդրահարույց է իրավիճակը նաև օբյեկտիվ գնահատելու տեսանկյունից։

– Վարչապետի խոսքով՝ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 %-ով։ Մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13 841 դրամով կամ 7,14 %-ով։ Ձեր գնահատամամբ, ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի թվի ավելացումն ու աշխատավարձի բարձարացումը, և դա որքանո՞վ է համադրելի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին։

– Ապրիլ ամսին աշխատատեղերը կրճատվել էին մինչև 585 000 և վարչապետի ներկայրած ցուցանիշներով՝ 2-3 ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 30 հազարով։ Իհարկե անհասկանալի է, թե ինչպես տեղի ունեցավ այս աճը։

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6 %-ով, բայց աշխատատեղերի թիվը, փաստորեն, աճել է 5 %-ով, մասնավոր հատվածում էլ 3,5 %-ով աճել է միջին աշխատավարձը։ Այս ցուցանիշները համադրելի ու հասկանալի չենք․ ինչպե՞ս և ինչի՞ հաշվին է 3-4 ամսվա ընթացքում աշխատատեղերի թիվն ավելացել, այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը շարունակաբար նվազում է։ 2020 թվականի հունվար- հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք միջին աշխատավարձի 3,5 %-ի բարձրացում և 5-6 %-ով աշխատողների թվաքանակի ավելացում։ Կարծում եմ՝ ամբողջությամբ վիճակարգությունը խճճվել է և լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն կա և մեծ հաշվով քաղաքական պատվերի ուրվագիծ է երևում վիճակագրության մեջ, որովհետև թվերն այսքան շեղված և անհամապատասխան չի եղել և այս իրավիճակում աննախադեպ է։

– Հաշվի առնելով, որ համավարակը դեռևս շարունակվում է՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի ի՞նչ կանխատեսումներ ունենք, ինչպե՞ս կեզրափակենք տարին։

– Տնտեսական ակտիվության հավաքական ցուցանիշը նվազման շատ կոնկրետ միտում ունի․ հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 6 % անկում։ Նշեմ, որ վերջին երեք ամիսներին յուրաքանչյուր ամսվա համար արձանագրվել է 1 %-ային կետով նվազում։ Այսպես, 2020 թվականի հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 10 %-ով, և եթե այս նույն միտումով կրճատումը շարունակվի, ապա մենք տարին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշի անկմամբ ենք փակելու։

Գիտենք նաև, որ այս ինը ամիսների ընթացքում պետական բյուջե հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են շուրջ 6 %-ով, և ծրագրված հարկային մուտքերի քառորդ մասը չի կատարվել. մոտ 55 մլրդ դրամով թերակատարվել է։ Եթե այսպես շարունակվի, ապա հարկային մուտքերի նվազեցումը բերելու է արտաքին պարտքի մեծացման, չնայած նրան, որ այս տարի ունեցել ենք արտաքին պարտքի աճ և տարին կփակենք արտաքին պարտքի լրացուցիչ աճով։

Այս ամենը մտահոգիչ է, քանի որ եթե զուգահեռաբար դիտարկենք աշխատատար ոլորտները, ապա ունենալու ենք աշխատատեղերի իրական կրճատում՝ իր սոցիալական հետևանքներով։