կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 17:00
Հասարակություն

Խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ

Խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:

Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.

-  արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

-  խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

- պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:

Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը:

Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում զինծառայողների ծնողներին և հարազատներին ստեղծված իրավիճակում սահմանափակումների անհրաժեշտությանը ըմբռնումով մոտենալու համար:

 Զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է: