կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 10:34
Քաղաքական

Պարզ կոռուպցիոն սխեմա է. ՌԴ-ն իր բողոքը գրավոր է հայտնել ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանին

Պարզ կոռուպցիոն սխեմա է. ՌԴ-ն իր բողոքը գրավոր է հայտնել ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանին

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ՝ ստեղծվում է նոր կոմիտե, որն, ըստ էության, կրկնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ  Վարդանյանի գործառույթները։

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում  մեծ դժգոհություն կա՝ մեր ներկայացուցչի աշխատանքի հետ կապված։ Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք ԵՏՀ մեր զրուցակից պաշտոնյայի փոխանցմամբ, բառացիորեն ձախողել է։ «Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել են ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները»,- ասել էր մեր զրուցակիցը։

Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ ստեղծված նոր կոմիտեն զբաղվելու է  տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման հարցերով ու արդեն տեղի է ունեցել առաջին նիստը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր մարմնի ձեւավորումը Գ.Վարդանյանի նկատմամբ անվստահության հրապարակային դրսեւորումներից  է։ Ինչպես արդեն նշել ենք՝ ԵՏՀ-ում ոչ միայն դժգոհ են Գ.Վարդանյանի աշխատանքից, այլ նաեւ նրան կասկածում են  վատնումների և չարաշահումների մեջ։

«Փաստինֆո»-ի հրապարակումից հետո Գ.Վարդանյանի գրասենյակից պաշտոնական պատասխան ու պարզաբանում դեռ չենք ստացել, փոխարենը մեզ հայտնի են դարձել նոր տվյալներ, որոնց վերաբերյալ ակնկալում ենք պարոն Վարդանյանի պարզաբանումները։

Գ.Վարդանյանը ԵՏՀ-ում իր գործառույթների իրականացմանը պաշտոնապես անցել է փետրվարի 2-ին, եւ արդեն  փետրվարի 3-ից Եվրասիական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման պայմանագրերով աշխատող ռուսական ընկերությունները սկսել են  սպառնալիքներ և ծանուցումներ ստանալ պայմանագրերի հնարավոր դադարեցման մասին։  Նշենք, որ խոսքը գնում է  ՌԴ շուկայում առաջատար ընկերությունների մասին, որպիսիք են՝ Ростелеком, ГК Ланит, ГК Айтеко, УниверсАудит։

Մեկ ամսվա ընթացքում բոլոր պայմանագրերը դադարեցվել են, ինչը ռուսական կողմը գնահատել է որպես  արտասահմանյան կուրատորների, Եվրասիական տնտեսական միասնական տարածքին Հայաստանի ինտեգրմանը ընդդիմացողների կողմից Գ.Վարդանյանի ստացած առաջադրանքի կատարում։

 «Սա սովորական կոռուպցիոն մոտեցում է, դաշտը մաքրել և իրենց ընկերությունները բերել, որոնք համաձայն կլինեն կոռումպացված պաշտոնատար անձի հետ փոխգործակցության որոշակի պայմանների։ Այս գործողություններով առավել աչքի է ընկնում նախարարի օգնական  Ղազարյանը», - ասել է մեր աղբյուրը։

Այս պահին աշխատանք չի տարվում, ինտեգրման ներուժը վերացվել է, և փոխգործակցությունը դադարեցվել: Գեղամ Վարդանյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական ինտեգրմանը և հեղինակությանը հասցված վնասը անգնահատելի և հսկայական է:

«Ինչպե՞ս բնութագրել տեղի ունեցածը և նախարար Վարդանյանի գործունեությունը՝ անփութություն, չարաշահում, սաբոտաժ, կոռուպցիա կորոշեն հանձնաժողովը և իրավասու մարմինները՝ ներքին աուդիտով»,- նկատել է ԵՏՀ պաշտոնյան։

Դժվարանում ենք ասել, թե ստեղծված վիճակի մասին արդյոք ՀՀ կառավարությունը տեղյակ է, թե ոչ, սակայն մեր հավաստի տեղեկություններով՝ 2-3 ամսվա ընթացքում իրավիճակն այնքան էր սրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը `ի դեմս Ֆինանսների նախարարության, նամակով նախազգուշացրել է  Վարդանյանին ու պահանջել՝ շարունակել ինտեգրացման զարգացման ծրագրի իրագործումը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում  2021-2022 թթ. աշխատանքների ֆինանսավորում չի լինի։

Միության ակտիվ մասնակիցները ՝ Բելառուսը և Ղազախստանը բարձրացրել են  ներդրված միջոցների ու ստացած արդյունքների անհամաչափության, տեղեկատվական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակի բացակայության հարցը։

«Վերլուծելով նախարարի գործունեությունը ՝ պաշտոնավարման սկզբից ի վեր, պարզ է դառնում, որ ո՛չ Հայաստանի շահերը, ո՛չ էլ Եվրասիական տնտեսական միության շահերը Գեղամ Վարդանյանին չեն հետաքրքրում»,- նկատել է մեր աղբյուրը։

Ակնկալում ենք, որ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գ.Վարդանյանը ինքը կներկայացնի ՌԴ ֆինանսների նախարար 2020 թվականի մայիսի 15-ի գրության  բովանդակությունը ու պարզաբանումներ կտա իր աշխատանքից առկա դժգոհությունների պատճառների մասին։

Նշենք, որ  անկախ աշխատանքի որակից՝ Գ. Վարդանյանի աշխատավարձը բավական բարձր է՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար է, հատկացվել է անվճար բնակարան Մոսկվայի կենտրոնում և մեքենա ՝ դիվանագիտական համարներով, ունի աշխատակազմ, օգտվում է բիզնես կարգի թռիչքներով և այլ արտոնություններից, բայց ստացած այս հնարավորությունները չի օգտագործում ի շահ հայ տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր ստեղծմանը, ինչու չէ նաեւ՝  Լարսի ճանապարհի հարցի կարգավորմանը, որով կարող էր իր նպաստը բերել կառավարությանը՝ մասնավորապես կորոնավիրուսի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։

Աղբյուր` Փաստինֆո