կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 10:21
Առանց Կատեգորիա

«Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձեւավորվել Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ. «Հրապարակ»

«Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձեւավորվել Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձեւավորվել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Կարծում են, որ Վարդանյանն ունի բավարար պոտենցիալ եւ կարող էր ՍԴ-ի մասով իրենց քայլերն այնպիսի տեսքի բերել, որ իշխանությանն այդքան չքննադատեին։ Իսկ թե ինչու չի արել, վարկածներ են շրջանառվում։

Վարդանյանը Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է,  եւ ոմանք նրա քայլերից հեռուն գնացող հետեւություններ են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահերն է առաջ տանում՝ իր ամենամտերիմ անձանց միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների եւ անգամ իր խմբակցության գործընկեր Վահագն Հովակիմյանի, դեմ է քվեարկել ՍԴ-ի եւ վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելն օրակարգ մտցնելու հարցին։

Երեկ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Վարդանյանի առաջարկը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Հանձնաժողովում քննարկվում էր իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Այդ հանձնաժողովում թափուր պաշտոն կա, ու այն լրացնելու համար անհրաժեշտ է մրցութային խորհուրդ ձեւավորել, իսկ դա այս պահին հնարավոր չի լինում անել, որովհետեւ վերջին ներկայացուցիչը, ըստ օրենսդրական ձեւակերպման, խմբակցությունների համախոհությամբ պետք է նշանակվի: Ուստի որոշում կայացնել չի հաջողվել:

Մինչեւ արձակուրդն այս նախագիծը քննարկվեց խորհրդարանում, արժանացավ ընդդիմության քննադատություններին, ԱԺ նախագահին մեղադրեցին իր լիազորություններն ընդլայնելու մեջ։ Երեկ հանձնաժողովում նախագիծը քվեարկության դնելուց րոպեներ առաջ Վարդանյանը հայտարարեց, որ ինքն այլ առաջարկ ունի, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ ընտրվի ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում ընդգրկված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ: Առաջարկից անակնկալի եկավ նաեւ նախագծի հեղինակը եւ փորձեց հասկանալ՝ արդյոք առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի՞։

Ի վերջո, որոշեցին նախագծի քվեարկությունը հետաձգել եւ ուսումնասիրել հարցը։ Ակնհայտ է, որ Միրզոյանը չի ցանկանում այս փուլում քննադատությունների թիրախ դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: