Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ACI Stampa-ն «Քահանայապետական դիվանագիտություն» խորագրի ներքո օգոստոսի 29-ին հրապարակել է նոր հոդված, որում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը կրկին անդրադառնում է Հայաստանի պետական սահմանի որոշ հատվածներում անցած ամիս ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիային։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:
Հոդվածում Նազարյանը մեկնաբանում է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերը յուրովի ներկայացնելու փորձերը, նշելով, որ ադրբեջանական կողմն այդ քայլին է դիմում ձգձգելու համար բանակցությունները, մեղադրելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, նպատակ ունենալով վիժեցնել փոխհամաձայնեցված լուծման հասնելու հնարավորությունը։ Հոդվածում ՀՀ դեսպանը պարզաբանում է, որ բանաձևերը կենտրոնանում են ոչ թե խաղաղ գործընթացի, այլ բռնությունների դադարեցման պահանջի վրա, ինչն անգամներ խախտվել է Ադրբեջանի կողմից, և որ այդ մասին արտացոլված է նաև բանաձևերում։ Ավելին, ՀՀ դեսպանը հիշեցնում է ադրբեջանցի իր գործընկերոջը, որ 27 տարի առաջ ընդունված այդ բանաձևերում չկա որևէ հղում այսպես կոչված «Հայաստանի զինված ուժերի դուրս բերման մասին» ու հավելում, որ ԱԽ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հայությանը ճանաչել են որպես հակամարտության կողմ։ Կ․Նազարյանն այնուհետև նշում է, որ ադրբեջանական կողմը ձևացնում է, թե իբրև գոյություն չունի 1994թ․-ի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրն ու զավեշտալիորեն հղում կատարում ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովին, որն ի դեպ, ողջունել է հրադադարի համաձայնագիրը և դրա ստորագրողներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղին, ճանաչել որպես հակամարտության կողմ։
ՀՀ դեսպանն այնուհետև հոդվածում խոսում է հիմնախնդրի էության՝ արցախահայության կողմից միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իր իրավունքի իրականացման ու դրան ի պատասխան Ադրբեջանում բնակվող 400 հազար հայության հանդեպ Բաքվի ղեկավարության էթնիկ զտումների, ջարդերի ու նաև ԼՂՀ հանդեպ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու քաղաքականության մասին։
Հիշեցնելով, որ ԼՂ խաղաղ գործընթացն ուղղորդելու նպատակով միջազգային հանրությունն ու հակամարտության կողմերը մանդատ են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, դեսպան Նազարյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի դիվանագետին չփորձել աղավաղել Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի՝ (երկխոսության ու բարի կամքի միջոցով հարատև խաղաղ լուծման հասնելու) ավելի վաղ արված կոչը, ու փոխարենը համարձակորեն ու հստակորեն ձևակերպել ասելիքը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերանայել ԵԱՀԿ Մինսկի գործընթացին տված իր համաձայնությունը։