կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 17:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց սրբության սրբոցը՝ ԱԺ ռեգլամենտը փոխեցին․ Ֆելիքս Թոխյանը՝ ՍԴ օրինագծի հակասահմանադրական ընթացակարգի մասին

ԱԺ ռեգլամենտը փոխեցին, դա իրենց սրբության սրբոցն է, որն էլի սահմանադրական օրենք է և դա դեռ ՀՀ նախագահը պիտի ստորագրի, ընդունվի, որ նոր ՍԴ մասին օրինագիծը չուղարկեն նախագահին և ԱԺ նախագահը 7 օրում ստորագրի՝ ըստ Yerkir.am-ի կարևոր այս քայլը առանձնացրեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում։

Խոսքը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երեկ նախաձեռնած փոփոխության մասին է, որով իշխող խմբակցությունը մտադիր է ՍԴ նախագահից և 12 տարի պաշտոնավարած դատավորներից ազատվելու օրինագիծը չուղարկել ՀՀ նախագահին՝ ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու համար, այլ 7 օրում ԱԺ նախագահի ստորագրությամբ հրապարակելու։ Այստեղ էլ, սակայն, ՀՀ նախագահի դերն առանցքային է, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն էլ պետք է ՀՀ նախագահի ստորագրությամբ տեղի ունենա։

Ֆելիքս Թոխյանը վստահեցրեց, որ առանց ՍԴ եզրակացության չէր կարելի դնել այդ նախագիծը դնել քվերակության, և նաև Վենետիկի հանձնաժողովն է գրել, որ ոչ մի շահերի բախում այդ հարցում չկա։

«Դու կարող ես ասել, որ ես եթե կոֆե եմ խմում, հարևանի շահերի բախում է։ Բայց Վենետիկի հանձանաժողովն է ասել, որ շահերի բախում չկա, ՍԴ-ին էլ ասել է՝  մաքսիմում օբյեկտիվ նայեք այդ հարցը։ ՍԴ-ն ցանկացած հարց նայում է ընթացակարգային խախտումների տեսնակյունից։ ԱԺ քայլերը գրված են ռեգլամենտում, ՍԴ-ն նայում է՝ համապատասխանո՞ւմ է ռեգլամենտին, թե՞ չէ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ նույնիսկ նախկին ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցը քննարկելիս ինքը առաջին հերթին պահանջել է ԱԺ նիստի սղագրությունը ու պարզել, որ ԱԺ-ն ընթացակարգը չի պահպանել։

«Ո՞վ ասաց, որ մենք բովանդակային ենք նայելու այդ հարցը․ նախ պիտի նայեք ընթացակարգայինը, նոր բովանդակային գանք»,-արձանագրեց նա։

Նա պատրաստակամ է հեռանալու, բայց ընդգծում է, որ իրենցից հետո էլի դատավորներ են գալու և անընդունելի է, որ հաջորդ իշխանություններն էլ ասեն՝ դուք մերոնք չեք։

«1997 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել։

Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու է՛լ դատավոր չես»,-հայտարարեց Ֆելիքս Թոխյանը։

Նա մտադիր է բոլոր օրինական միջոցներով պայքարել օրինախախտման դեմ։

«Ես կյանքումս այսպիսի վիճակի մեջ չեմ ընկել, որ պիտի պետությանն ապացուցեմ․ թյուր է այն կարծիքը, որ այստեղ թշնամիներ են նստած ու ինչ-որ դավադրություն են ուզում անել, եկեք ափալ-թափալ իրենց հարցը լուծենք, որ այդ ենթադրաբար դավադրությունը իրենք չանեն. չկա տենց բան, ուղղակի հերյուրանք է»,-ասաց նա։

Ֆելիքս Թոխյանն ասաց, որ կյանքում ոչ մի բանից չի վախենում, բացի երբ որ իր 5 թոռնիկներից մեկը հիվանդանում է․ «Չենք կորչելու, հիմա էլ առաջարկություններ ունեմ դասավանդման, խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով։  Նենց չի, որ ամեն ինչ կորել է, եկեք գնանք թախտին նստենք»։

Նա վրդովվեց․ «Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում «լեգիտիմ», «լեգիտիմը» վերաբերում է քաղաքական իշխանության մարմիններին»։

Նա նշեց, որ 1997 թ-ին իրեն ամբիոնի վարիչությունից են խաբելով բերել ՍԴ․ «Սաղ կյանքս եղել եմ սոված գիտնական»։

Ֆելիքս Թոխյանը նաև թյուր համարեց այն համոզումը, որ Հրայր Թովմասյանն է ամեն ինչ որոշում․ «Թովմասյանն այստեղ որոշում ընդունողներից ընդամենը մեկն է, այնպես չէ, որ՝ գյադե՛ք, այս կողմն անցեք, գյադե՛ք, այն կողմն անցեք»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու տասնյակից ավելի պատգամավորների հեղինակությամբ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Իշխանությունը այս նախագծով մտադիր է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: ԱԺ-ում այս նախագծի երկու ընթերցմամբ ընդունումը՝ ընդդիմադիր խմբակցություններրի բոյկոտի պայմաններում, շատերը համարում են սահմանդրական կարգի տապալում։ Այն ընդունվեց Սահմանդրության խախտմամբ, քանի որ երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ չուղարկվեց Սահմանադրական դատարան։ Բացի այդ, իշխող թիմը փոփոխություն կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքում, որով բացառեց քվերակված օրինագիծը ՀՀ նախագահի ստորագրմանը ուղարկելու ընթացակարգը, ինչը նույնպես հակասում է Սահմանադրությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․