կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 00:20
Քաղաքական

Արցախի հարցը Դաշնակցության համար սրբության սրբոցն է. Արմեն Ռուստամյան

Արցախի հարցը Դաշնակցության  համար սրբության սրբոցն է. Արմեն Ռուստամյան

Այսօր  Հ1 հեռուստաընկերության եթերում կայացավ հեռուստաբանավեճ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների առաջին համարները ներկայացնող թեկնածուների միջև: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իրապես նոր փոփոխությունների համար դուռ բացեց:Սակայն շարժման արդյունքը բերեց մարդափոխության` պարզապես Սերժ Սարգսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանը:

 Եվ, Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե շարժման արդյունքը մնա այն, ինչը հիմա կա, ապա դա շատ մեծ հիասթափության է բերելու: Մինչդեռ իրական հեղափոխությունը պետք է շարունակվի, դառնա լիարժեք: Դրա համար հեղափոխությունը պետք է ունենա հստակ բովանդակություն, դա ազգային, սոցիալիստական գաղափարներից բխող մոտեցումներն են, ազգային խնդիրները, Արցախի խնդիրը պետք է լուծվի` չզիջելով մեր սկզբունքային մոտեցումները, սոցիալական խնդիրները այնպես պետք է լուծվեն, որ ոչ մի աղքատ մարդ չլինի:

 Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պայքարելու կոռուպցիայի դեմ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հեծանիվ չպետք է հորինել, և եթե իրապես ուզում են իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դա չպետք է արվի կառավարության կողմից:

 «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արվի ինստիտուցիոնալ և անկախ մարմնի կողմից: Երբ դա արվում է կառավարության կողմից, պարզվում է, որ կոռուպցիա չկա, կոռուպցիան վերացել է, և պայքարն էլ տարվում է ոչ թե ներկաների, այլ` նախկինների դեմ: Ուստի կառավարության մակարդակը պետք է գնահատեն անկախ մարմինը, ընդդիմությունը և քաղհասարակությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա պետք է կյանքի կոչել Սահմանադրությամբ հռչակված սոցիալական շուկայական տնտեսությունը: Այսինքն պետությունը պետք է էական դեր ունենա տնտեսության կարգավորման զարգացման գործում, ինչպես նաև ազգային արդյունքը վերաբաշխելու հարցում:

 «Այսօր մենք շրջափակված երկիր ենք , ուստի ամեն ինչ պետք է անենք, որ տնտեսությունը ունենա հստակ ուղղություն` ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա հենված,  ինքնաբավության և ինքնարժեքը նվազեցնելու վրա հենված տնտեսական կարգն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 Հարցին,թե ինչ մոտեցում ունի Դաշնակցությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում, Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը համարում է ազգային գերխնդիր:

 «Արցախի հարցը մեր համար սրբության սրբոցն է: Մենք Արցախի խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը: Սահմանադրության 175 հոդվածը ասում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:Ասել է, թե ստատուս քվոն չի կարող փոխվել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը, նրա անկախությունը, չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը: Ի գիտություն ասեմ, որ խոսքը գնում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որը ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջանն է: Այսօր մենք ունենք Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մոտ 701 քառակուսի կիլոմետր տարածք , որը գրավյալ տարածք է Ադրբեջանի կողմից: Տարածքային ամբողջականության վերականգնման մասին որ խոսում է Արցախի ժողովուրդը, դրա մասին է խոսում: Ուստի բանակցություններում պետք է առաջնորդվել  դրանով»,- ասաց Արմեն Ռուստամյանը: