Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակվել է «Պարենային ապահովությունը և աղքատությունը 2020թ․ հունվար-հունիսին» հաշվետվությունը: Հաշվետվություն, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պետք:
Ասել, որ այն աղքատության ու պարենի մասին թարմ տվյալներ է պարունակում, չափազանցություն կլինի: Որովհետև այն կրկնում է սոցիալ-տնտեսական հիմնական արդեն հրապարակած ցուցանիշները: Բայց միևնույն է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, գործազրկության ծավալի ու աղքատության ցուցանիշների պայմաններում այս հաշվետվությունը սպասված է:
Մեր բնակչության ծախսերի կառուցվածքը համարյա երկամյա ուշացումով է հրապարակվում: Վերջին տվյալները վերաբերում են 2018թ․-ին: Այդ տարի մեր ծախսերի կառուցվածքում սնունդի մասնաբաժինը 40.4 տոկոս էր: Սնունդ-պարենի գումարն ամենախոշորն է թե՛ մեր ծախսերի կառուցվածքում, թե՛ մեր արտաքին ապրանքաշրջանառության ներմուծումներում: Զուտ այդ պատճառով կարող է հետաքրքիր լինել այն, որ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա արտաքին ապրանքաշրջանառության համեմատ սնունդի մասնաբաժինը 22.4 մլն դոլարով պակաս է եղել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 27.5 մլն դոլար: Ասենք, որ մեր ներմուծումների կառուցվածքում սննդի մասնաբաժինը 17-20 տոկոս է կազմում: Բայց զուտ պարենային թվերից, եկամուտների ու տրանսֆերտների ծավալների արձանագրումից զատ այս հաշվետվությունը տվյալներ է պարունակում անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառվերականգման միջոցառումների մասին: Այս փաստը գուցե ինչ-որ իմաստով հասկանալի է: Անտառը որոշակի տարածաշրջանների բնակիչների համար պարենային ապահովության ու աղքատության խնդիրներ է լուծում: Հասկանալի է, որ խոսքը անտառային բարիքների հավաքչության մասին չէ: Հայտնի բան է, որ ապօրինի ծառահատումների դեմ մենք պաշտոնական ու կատաղի պայքար ենք մղում: Ու մեր պայքարի շրջանակներում տարեց-տարի ավելանում են անտառային տարածքները, ուր թույլատրվում է անտառհատումները իրականացնել: Օրինակ, 2015թ․ անտառհատումները թույլատրվել էր 1 500 հեկտարի տարածքում: 2016-ին՝ 1 940 հա, 2 017-ին՝ 2010 հա, 2018-ին՝ 2 014 հա: Իսկ անցած տարի թույլատրություն-թույլտվության տարածքն անհամեմատ ընդլայնվել է՝ 2 240 հա:
Բնականաբար, տարեց տարի մեծացել է հատված փայտանյութի ծավալը: Հատված փայտը պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում է խիտ խորանարդ մետրով: 2017-ի հատումները կազմել են մոտ 33.5 հազար խիտ խոր. մետր: 2018-ի ցուցանիշն առայժմ պաշտոնական ռեկորդ է՝ մոտ 43.3 հազար խիտ խոր. մետր: 2019-ի ծավալը 2018-ից պակաս է, փոխարենը գերազանցում է 2018-ի ցուցանիշը, կազմելով՝ 41.3 հազար խիտ խոր. մետր:
Այս թվերը համեմատելը հիմա այլ իմաստ էլ ստացել: Իշխանությունները կարող են արդարանալ, որ նախկինում իրական թվերը նվազեցվում էին: Իսկ հիմա՝ խիստ հաշվառում տարվում: Հասկանալի է, որ այդ խիստ հաշվառումը տարվում է ապօրինի անտառհատումների դեմ անողոք (կամ սոցցանցերի արդի բառապաշարով ասած՝ հուժկու) պայքարի արդյունքում: Բայց որքան անողոք է դառնում հուժկու պայքարը, այնքան շատանում են ապօրինի ծառահատումները: Պաշտոնական վիճակագրությունը ապօրինի ծառհատումները բացի խոր. մետր հաշվարկից հաշվարկում է նաև ծառերով: 2018թ․ թույլատրվել էր հատել 12 հազար 821 ծառ: Իսկ 2019-ին թույլատրվել է հատել 3 հազար 997 ծառ ավելի՝ 16 հազար 818 ծառ: Մեր անողոք պայքարին զուգահեռ աճել է անտառային հրդեհների թե՛ տարածքը, թե՛ քանակը:
2019-ի հրդեհների մակերեսը տխուր ռեկորդների շարքից է՝ մոտ 1 հազար 881 հա անտառածածկ տարածք: Բուն հրդեհների քանակը ևս տարին տարվա վրա նույն տխուր ռեկորդներից է․ 2017թ․՝ 42 հրդեհ, 2018թ․՝ 58 հրդեհ, 2019թ․՝ 106 հրդեհ: Եկեք իշխանություններն ու անտառտնտեսության ղեկավարներին միայնակ չթողնենք իրենց «համոզմունքում»: Միայնակ չթողնենք ու ձևացնենք, որ հավատում ենք հրդեհների ինքնաբուխ ու բնակլիմայական պայմաններով պայմանավորված լինելու բնույթին:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org