կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 12:29
Հասարակություն

ԱԻ նախարարը պնդում է` Խոսրովի անտառի հրդեհը միտումնավոր չէր

ԱԻ նախարարը պնդում է` Խոսրովի անտառի հրդեհը միտումնավոր չէր

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պնդեց, որ Խոսրովի անտառի հրդեհը միտումնավոր չի եղել: Դիտարկմանը` միջպետական սկանդալ է հասունանում` կապված Խոսրովի անտառի հետ, ԱՄՆ-ն էլ արբանյակային լուսանկարներ է տրամադրել, որոնցից երևում է` երեք տարբեր կողմերից հրդեհներ են եղել, սա դիտավորություն չէ՞, նախարարն արձագանքեց. «Նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրված որոշ պատասխանատուների, ինչի՞ մասին է խոսքը»:

Ապա Տոնոյանն ընդգծեց, որ այդտեղ միտում չի տեսնում: «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ` դա միտումնավոր չէ: Մենք անմիջապես եղել ենք այնտեղ, առաջին գնահատման հնարավորություն ենք ունեցել` մինչ արբանյակային նկարները ստանալը: Ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք»,- ասաց նա, ապա բացատրեց, որ հրդեհի տարածումը կապված է եղել երեկոյան ժամերին քամու ուժեղացման հետ:

Տոնոյանը հրդեհի տարածումը կապեց նաև ԱԻ աշխատակիցների ոչ արհեստավարժ լինելու հետ: «Հնարավոր է` եղել է հրդեհաշիջման առաջին արձագանքի ոչ արհեստավարժ մոտեցում, այդ ոչ արհեստավարժ մոտեցումը բերել է այլ վայրերում կրակի ծավալմանը»,- բացատրեց նա:

Նախարարը նաև հավելեց, որ ոչ ոք չի ուզում կոծկել հրդեհի բռնկման պատճառները: Դիտարկմանը` բնապահպանության նախարարը պնդում է, որ միտումնավոր է հրդեհվել, նա պատասխանեց. «Բնապահպանության նախարարի կողմից պնդում չկա, նա խոսել է հնարավոր պատճառների մասին»:

Տոնոյանը միևնույն ժամանակ նշեց, որ իր և բնապահպանության նախարարի ասածների մեջ հակասություն չկա, և որ ինքը չի լսել դիտավորության վարկածի առաջքաշումն ու պնդումը: