կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 15:08
Հասարակություն

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են իրենց բնակատեղիները

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են իրենց բնակատեղիները

Խոսրովի անտառի տարածքը նախատեսվում է ընդլայնել` ստեղծելով բուֆերային գոտիներ, նաև` տեղում կապի միջոցներ տեղադրել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` խոսելով այս տարվա հրդեհների մասին:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, այրվել է  2200 հա տարածք, որից 220 հա-ն գիհուտներն են, և որոնց դրանք դժվար վերականգնելի են: «Կաղնուտների մասով` շուրջ 900 հա է վնասվել, բայց քանի որ հրդեհը եղել է գետնատարած,` այստեղ որևէ կորուստ գրեթե չենք ունենալու: Խոտածածկ տարածքներն այրվել են` 1000 հա, և սրանք էլ անձրևների ժամանակ կվերականգնվեն»,- հայտնեց նախարարը:

Ինչ վերաբերում է կենդանական աշխարհի կրած կորուստներին, ապա, ըստ Մինասյանի, վայրի խոշոր կենդանիների մասով որևէ կորուստ չի արձանագրվել: Որոշ անկում կա մորեխների, մի փոքր էլ` սողունների մասով: «Մեր հիմնական կորուստն արձանագրվել է գիհուտների շրջանում: Խոշոր կենդանիների որոշակի տեղաշարժ ունեինք, բայց հիմա նկատվում է վերադարձ, ինչն արձանագրում ենք լուսապատկերները: Ըստ էության` կարող ենք արձանագրել, որ մեր հիմնական կորուստը գիհուտների մասով է. գիհու ծառատեսակներ ունեինք, որոնք մի քանի հարյուր տարվա պատմություն ունեին: Սակայն ամերիկացի մեր գործընկերներն արդեն իսկ գիհուտների` արագ վերականգման ծրագիր են մեզ ներկայացրել, որով էլ կփորձենք առաջնորդվել»,- ասաց նախարարը:

Մինասյանը տեղեկացրեց նաև, որ խոշոր կենդանիների, օրինակ` արջերի տեղաշարժ էր նկատվում, բայց հիմա նրանք սկսել են վերադառնալ իրենց բնակատեղիները: