կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 14:22
Հասարակություն

Օրենքի ճեղքերն է պետք փակել

Օրենքի ճեղքերն է պետք փակել

Բանակում պետք է ծառայեն բոլորը հավասարապես` թե' հասարակ ընտանիքի, թե' պաշտոնյաների երեխաները: Հակառակ դեպքում` այս ինստիտուտում առկա խնդիրները չեն լուծվելու:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Դավիթ Գասպարյանը եւ Աշոտ Բլեյանը խոսեցին այն մասին, որ ներկայումս շատերն օգտվում են օրինական դաշտի ճեղքերից եւ կարողանում խուսափել ծառայությունից, ինչը կրկնակի հարված է հասցնում մեր պետությանը:

 

Մարդը, որը հեռու է գիտնական լինելուց, բակալավրիատն ավարտելուց, այնուհետեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորելուց հետո դառնում է 27 տարեկան եւ օրինականորեն ազատվում բանակից: Արդյունքում` ո'չ բանակն է զինվոր ունենում, ո'չ էլ գիտությունն է շահում:

 

Բանախոսները նշեցին, որ պարզապես անհրաժեշտ է փոփոխություններ անել հենց օրենքում: Այսօրվա պաշտոնյաների մի զգալի մասը բանակում չի ծառայել, սակայն դա չի ազդել նրանց` կարիերայի աստիճաններով վեր բարձրանալուն:

 

Ա. Բլեյանի խոսքերով` պետք է օրենք սահմանվի, ինչպիսին կա ԱՄՆ-ում եւ Իսրայելում, որ պետությանն իր պարտքը չկատարած անձը պաշտոն ստանալ չի կարող: Թող էլի, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորելով, ազատվի բանակից, բայց այս դեպքում կսահմանափակվեն նաեւ նրա կարիերայի առաջընթացի հնարավորությունները:

 

Օրենսդրական նման փոփոխությունից հետո բոլորը ստիպված կլինեն գնալ եւ ծառայել հայրենիքին: Հաջորդ քայլը պետք է լինի բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը:

 

Ա. Բլեյանը նշեց, որ այսօր հասարակական ընկալում կա, թե կան օլիգարխ-կալվածատերեր, որոնց կալվածքն է այս երկիրը, եւ հասարակ ընտանիքի զավակները պաշտպանում են ոչ թե հայրենիքը, այլ մյուսների կալվածքը: Եվ որպեսզի այս ընկալումները վերացվեն, պետք է պաշտոնյայի եւ հասարակ մարդու զավակները նույն զորամասում ծառայեն, եւ լրատվամիջոցներն էլ կարողանան մուտք ունենալ եւ լուսաբանել այս ամենը, ինչպես արվում է Մեծ Բրիտանիայում. ցուցադրվում է, թե ինչպես է արքայազնը ծառայում հայրենիքին: