Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:
Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»։
Ավելի վաղ ՔԿ-նհայտնել էր, որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:
Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։