կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 19:30
Աշխարհ

«Վեկտոր»-ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

«Վեկտոր»-ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների պետական կենտրոնը (Նովոսիբիրսկ)՝ «Վեկտոր»-ը, անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլին՝ մարդկանց վրա կլինիկական հետազոտություններին:

Այդ մասին լրագրողներին պատմել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Բոլոր կամավորները, որոնք ընտրվել էին հատուկ կարգով եւ հատուկ ձեւով, իրենց լավ են զգում: Նրանք, ում պատվաստանյութն արդեն ներարկվել է, բացարձակապես ոչ մի կողմնակի ռեակցիա չունեն: Նույնիսկ ամենափոքր կարմրություն չկա ներարկման տեղում: Բոլորի մոտ ջերմությունը միանգամայն նորմալ է»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որն է լավը՝ «Վեկտորի»-ի՝ փորձարկումներ անցնող պատրաստուկը, թե Գամալեյայի կենտրոնի՝ արդեն գրանցում ստացած մշակումը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը բացատրել է, թե կարեւոր է, որ յուրաքանչյուր երկիր ունենա պատվաստանյութի մի քանի տարբերակ: «Բացարձակապես ճիշտ է, որ յուրաքանչյուր երկրում, եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, պետք է լինեն մի քանի տարբեր պատվաստանյութեր: Դրանով էլ զբաղվում ենք»,-հայտարարել է նա:

«Վեկտոր»-ը պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել է հուլիսի 27-ին: Ինչպես հաղորդվել է, դրանց մասնակցում են 18-ից մինչեւ 60 տարեկան 300 կամավորներ, այդ թվում՝ «Վեկտոր»-ի 60 աշխատակիցներ: Անցյալ շաբաթ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: