Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել արցախյան առաջին պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մարմին։
«Դուք գիտեք, որ Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հեռավար հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ Ես ուզում եմ իմ գնահատականի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի համար։ Հանդիպումից հետո, կարծում եմ, մի այսպիսի թյուր ընկալում եղավ, որովհետև մենք խոսել ենք պատերազմում, այսպես կոչված, անհետ կորածների ճակատագրի շուրջ և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։ Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ, ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական տվյալներով՝ 777 անհետ կորածներ ունենք։
Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ ներկայացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։
Ընդ որում, ուզում եմ ասել, որ այս թեմայով Հայաստանի աշխատանքը սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության նիստում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո մենք ունենք 217 անհետ կորած, նրանց գտնվելու վայրն անհայտ է, այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց ճակատագրի պարզման ուղղությամբ համագործակցել։
Մենք 108 մարմինները վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև մենք ճիշտ չենք համարել, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է դառնան։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ տարածքների քարտեզին, տալով առանց պայմանի, որպեսզի այն չդառնա սակարկության առարկա»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը կարո՞ղ է այս ամենը շահարկել, միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայկական կողմը հումանիստ չի եղել, քանի որ 90-ականների պատերազմից հետո չի վերադարձրել դիերը, և ինչո՞ւ հայկական կողմն այդ դիերը վերադարձնելիս չի պահանջել վերադարձնել հայ ռազմագերիներին։
168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն ասաց, որ Ադրբեջանն այսօր ինչպես ուզի՝ այնպես էլ կարող է իրավիճակը ներկայացնել։
Ստեղծված իրավիճակն ավելի լավ նկարագրելու համար Տարոն Տոնոյանը մեկ պատմություն հիշեց.
«Առյուծը հրաման է տալիս, որ բոլոր կենդանիները գլխարկ դնեն, հաջորդ օրը տեսնում է՝ նապաստակն էլ է գլխարկ դրել, առյուծը խփում է նրան գլխին, ասում է՝ դու ինչո՞ւ ես դրել, քեզ գլխարկ պետք չէ։ Հաջորդ օրը նապաստակը գլխարկ չի դնում, առյուծը դարձյալ հարվածում է գլխին ու ասում՝ չեմ ասե՞լ՝ գլխարկ դնես»։
Հիմա մեզ բերել հասցրել են այս կարգավիճակին, բայց ես կասեի, որ մեր ժողովուրդը չէ այս կարգավիճակում, այլ ներկայիս իշխանությունները։ Իրենց թվում է, թե որքան հնազանդ ու խելոք լինեն՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ծրագրերից հրաժարվելու են։ Ցավոք, սխալվում են, նրանք ինչ նպատակ ունեն, պիտի փորձեն իրագործել, իսկ մենք պետք է հզորանանք, որպեսզի կարողանանք դրանց դիմակայել։ Այսքան ժամանակ կարողացել ենք դիմակայել, որովհետև մեզանից ուժ ենք ներկայացրել, պետք է ուժ դառնանք, որպեսզի կարողանանք դիմակայել։ Պետք է գործոն լինենք, որպեսզի կարգին, վստահելի գործընկեր դառնանք, ցույց տանք, որ հուսալի գործընկեր ենք, որպեսզի հզորները մեզ հետ համագործակցեն»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե՝ այո, Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ կնքելու «խաղաղության պայմանագիր», ավելին՝ ՀՀ բոլոր կառավարությունների նպատակը դա է եղել, Տարոն Տոնոյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները խորը մոլորության մեջ են։
«Եթե այս պայմաններում գնում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման, դրանով մեր պետությունն ավելի են թուլացնելու։ Այս պայմաններում այդ քայլին գնալը տանելու է ավելի խորը զիջումների։ Այս իշխանությունները սխալվում են, իրենք քաղաքական վեկտոր են փոխում, ինչը ծանր է անդրադառնալու մեր պետականության ու ժողովրդի վրա»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը։