Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները:
Բացելով նստաշրջանի աշխատանքը` Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն ու վշտակցություն է հայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ մայրաքաղաք Բեյրությում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ և մաղթել տոկունություն ու ոգու արիություն՝ արհավիրքի ցավին դիմանալու համար: Խորհրդարանի ղեկավարը նաև հավելել է, որ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը:
Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի՝ ԱՀ նախագահի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված՝ «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է՝ առաջին ընթերցմամբ ընդունված «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:
Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020-2025թթ-ի ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Նախարարի փոխանցմամբ, առաջարկվող փոփոխությամբ կիրականացվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման այս և այլ ծրագրեր: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 399,2հազ դրամ (ավելացումը՝ 5,100մլն դրամ), ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն717,7 հազ դրամ, (ավելացումը՝ 14, 810.0մլն ), դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջեյի ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր:
Գլխադասային՝ Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Էդուարդ Աղաբեկյանը:
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն անդրադարձել է առաջադրված հարցերին և պատրաստակամություն հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել քննարկումներ:
Ամփոփելով ելույթը՝ ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրի Շուշի տեղափոխելու հավանականությունը:
Նախագահի ելույթից հետո քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Հաջորդիվ Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակի հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020թ-ի մայիսի 26-ի հրամանագրով սահմանված ԱՀ կառավարության կառուցվածքին համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, որը պայմանավորված է ՀՀ-ում 2019թ. սեպտեմբերից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոովում և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացմամբ:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է:
ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքները 18:25-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: