կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 15:49
Քաղաքական

Սեւրի դաշնագրի 100-ամյակ

Սեւրի դաշնագրի 100-ամյակ

Այս տարի օգոստոսի 10-ին լրանում է Փարիզի արվարձան Սեւրում 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի երկրների եւ Օսմանյան կայսրության կողմից ստորագրված հաշտության պայմանագրի 100-ամյակը: Այն պաշտոնապես հաստատում էր կայսրության բաժանումը Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ: 

Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Սեւրի դաշնագրով փաստորեն հաղթած դաշնակիցներն իրար միջեւ բաժանեցին Օսմանյան կայսրությունը։

Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայկական հարցին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող Օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

Մի շարք հոդվածներով ու բաժիններով այն անմիջապես գործի դրվեց, ինչը չի կարելի ասել Հայաստանին առնչվող բաժնի կամ հոդվածների մասին:

Քաղաքական եւ իրավական բարդ ու անօրինակ ճակատագիր ունեցավ Սեւրի դաշնագիրը։ Այն եզակի իրավական փաստաթղթերից է, որը ո՛չ վերջնականապես վավերացված է կամ լիարժեքորեն կիրարկված, ո՛չ էլ ամբողջապես չեղյալ հայտարարված։

Դաշնակիցների ներքին մրցակցությունից օգտվելով՝ թուրքական ազգայնականությունը Մուսթաֆա Քեմալի ղեկավարությամբ երկկողմանի համաձայնություններ կնքեց: Քեմալական շարժման դիրքերի ամրապնդումը եւ Հայաստանի Հանրապետության տկարացումը պատճառ դարձան, որ քաղաքական խամաճիկի վերածված սուլթան Մեհմետ 6-րդի կառավարությունը նույնիսկ խորհրդարան չհղի Սեւրի դաշնագիրը՝ առ ի վավերացում։

Այսօրինակ զարգացումների հորձանուտում Սեւրի դաշնագիրը պարզապես «մոռացվեց»։

Այդ առումով էլ դաշնակիցները 1923թ. հուլիսի 24-ին Լոզանում նոր պայմանագիր ստորագրեցին, որը կնքվեց ոչ թե Օսմանյան կայսրության կառավարության, այլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հետ, որ Քեմալի ազգայնական շարժման ինքնակոչ իրավական անվանումն էր։

Փաստորեն, Սեւրի պայմանագրից բացի չկա հայ-թուրքական միջպետական հարաբերությունների եւ սահմանների կարգավորման միջազգային այլ դաշնագիր, որի տակ կլինի Հայաստանի Հանրապետության ստորագրությունը։

Թուրքիան գիտակցում է այս իրողությունը, քանի որ Վուդրո Վիլսոնի սահմանագծումով մոռացված կամ անվավեր մնացած Սեւրը իր գլխին կախված Դամոկլյան սուր է: Թեեւ Սեւրի պայմանագիրը չվավերացվեց, բայց նաեւ Հայաստանի վերաբերյալ իր հոդվածներով չփոխարինվեց որեւէ այլ դաշնագրով։ Կարսի պայմանագիրը չունեցավ միջազգային իրավականություն։

100 տարի առաջ Հայաստանն ու հայությունը տիրացան Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի համազգային մեր տեսլականը նվիրագործող միջազգային օրենքի եւ իրավունքի անժամանցելի փաստաթղթի։

Գրում է «Ապառաժը»