Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստինֆո. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին և երեք դատավորների՝ Ա.Գյուլումյանին, Ֆ.Թոխյանին եւ Հ.Նազարյանին վերջնահաշվարկ չի վճարվել, լիազորությունների դադարեցման վերաբերյալ որևէ արձանագրություն կամ այլ փաստաթուղթ կազմված չէ։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները։ Նույն օրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, թե ՍԴ նախագահի լիազորությունները կկատարի Աշոտ Խաչատրյանը։ Չնայած օրենքի ուժի մեջ մտնելուն՝ ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նորմատիվ, անհատական որևէ ակտ չկա, ինչը նշանակում է՝ նրանք դե յուրե շարունակում են պաշտոնավարել։
«Փաստինֆո»-ն ՍԴ նախագահի լիազորությունները կատարող Աշոտ Խաչատրյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու արդյոք ՍԴ նախագահ Հ.Թովմասյանին և դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին և Ֆելիքս Թոխյանին վճարվել է հունիս-հուլիս ամիսների աշխատավարձերը, վերջնահաշվարկ, գույքի ընդունում-հանձնում եղել է, թե ոչ։ Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացնում են՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին հունիս ամսվա համար վճարվել է աշխատավարձ, իսկ հուլիս ամսվա աշխատավարձի տրամադրման համար օրենքով նախատեսված ժամկետը դեռևս չի սպառվել. «Նշված դատավորների և պարոն Թովմասյանի հետ վերջնահաշվարկ կատարված չէ։ Չի իրականացվել նաև գույքի հանձնում-ընդունում»,-հայտնում են ՍԴ-ից։
Ավելին, պարզվում է, որ նրանց վարույթում առ այսօր գործեր կան։
Նկատենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 26-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ մինչ դատական կազմի համալրումը, ՍԴ-ում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավասության համար, ինչը ենթադրում է, որ ՍԴ գործունեության անընդհատությունը չի խախտվի։ ՍԴ աշխատակազմից, սակայն, տեղեկանում ենք, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին մակագրված գործերը չեն վերամակագրվել այլ դատավորի, քանի որ մինչ այս պահն աշխատակարգային որոշման կայացման համար անհրաժեշտ քվորում չի ապահովվել. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի, 88-րդ հոդվածի 5.6-րդ մասի համատեքստում քննության ընդունված գործերով զեկուցող դատավորի փոփոխություն կարող է տեղի ունենալ աշխատակարգային նիստում կայացված աշխատակարգային որոշմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ սույն գրության ներկայացման պահն աշխատակարգային որոշման կայացման համար անհրաժեշտ քվորում չի ապահովել, նշված հարցով որոշում չի կայացվել»,-տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից։
Նաեւ հետաքրքրվել էինք, թե հունիսի 25-ից մինչ օրս քանի դիմում, միջազգային պայմանագիր է մուտք եղել ՍԴ, որոնց սահմանադրականության հարցը պետք է քննարկվի։ ՍԴ-ից հայտնել են, որ հունիսի 25-ից մինչ օրս Սահմանադրական դատարան մուտք է եղել 17 դիմում, որոնցից 9-ով դիմումատուն ֆիզիկական և իրավաբանական անձինք են, իսկ 7-ով՝ Կառավարությունը(միջազգային պայմանագրեր)։ Նշված դիմումներն ընթացք չեն ստացել։
Հավելենք, որ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին, մինչդեռ, պարզվում է, ՍԴ մյուս երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դե յուրե դադարեցված չեն։