Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին ժամանակահատվածում Թուրքիան մշտապես լրահոսում է: Նա, ինչպես իր տանը, գործունեություն է ծավալում Իրաքյան Քուրդիստանում` բանի տեղ չդնելով Բաղդադին: Սիրիայում պարեկություն են անում նրա զինվորները և գործում նրա պրոքսիները` գրոհայինները, որոնք Անկարայի վերահսկողության տակ են ու նրա աջակցությունն են վայելում: Իդլիբ նահանգի մի մասը փաստացի թուրքական տարածք է դարձել, իսկ թուրքական լիրան` նախընտրելի արժույթ հարևան Սիրիայի հյուսիսում ապրողների համար: Թուրքիան շատ ակտիվ է Լիբիայում, ուր, ըստ ԶԼՄ-ների, Սիրիայից իր գորհայիններին է տեղափոխում և նրանց հարվածային անօդաչու թռչող սարքերով ապահովում. ըստ Yerkir.am-ի` fondsk.ru կայքում հրապարակած հոդվածում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կուդրյավցևը` հավելելով, որ դրանով Անկարայի ծրագրերն Արևելյան Միջերկրականում չեն սահմանափակվում. փորձագետները չեն բացառում Թուրքիայի և Հունաստանի բախումը միջերկրածովյան առափնյա պաշարների պատճառով:
«Եվ վերջապես` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սրված հակամարտության մեջ Թուրքիան ոչ միայն արագորեն դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Բաքվին, այլ նաև պատրաստ է Սիրիայից Կովկաս տեղափոխել գրոհայիններին, ինչպես արեց Լիբիայում: Այլ կերպ ասած` եթե վերցնենք քարտեզն ու սկսենք դրոշակներով նշել այն վայրերը, որտեղ թուրքերն իրենց առավել ակտիվ են պահում, կստեղծվի հետևյալ պատկերը` Թուրքիան հետևողականորեն և մեթոդաբար ընդլայնում է ազդեցությունը իր սահմանների ողջ պարագծով և դրանից դուրս»,- գրում է քաղաքագետը:
Ըստ Կուդրյավցևի` թուրքական նպատակասլաց նեոիմպերիալիզմի ֆոնին, երկրի հարաբերությունները Արևմուտքի հետ, կարծես, բարդանում են: Համենյան դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում: Բրյուսելում փակվել է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցը և քննարկվում է նրա դեմ Միջերկրական ծովում պահվածքի պատճառով պատժամիջոցներ կիրառելու թեման (էլ չենք խոսում փախստականների պատճառով վեճի մասին): ԱՄՆ-ն Անկարային պատժամիջոցներով է սպառնում Ռուսաստանի հետ Ս-400-ների գործարքի պատճառով: Քննարկվում է Ինջիրլիքի ռազմակայանից ամերիկյան միջուկային զենքի դուրսբերման հարցը:
Սակայն Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, թեև այդ անդամակցությունը փոքր-ինչ տարօրինակ է. Հունաստանի` ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի հետ ռազմական բախումը չի բացառվում, թուրքերը նշանառության տակ են առնում ֆրանսիական նավը` Լիբիայում տարբեր շահեր ունենալու պատճառով, Բալթյան երկրների ու Լեհաստանի մոտ էլ Թուրքիայի պատճառով խնդիրներ են ծագել սեփական ռազմական ծրագրերը հաստատելիս:
Միաժամանակ, Անկարան տարբեր ոլորտներում երկխոսության մեջ է Մոսկվայի (թուրքերի կողմից ռուսաստանյան ինքնաթիռի խոցման միջադեպն անցյալում է) և Իրանի հետ: «Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Թուրքիան, հեռանալով Արևմուտքից, մերձենում է Արևելքի հետ: Անհասկանալի է: Վերջապես, թուրքական նեոիմպերիալիզմն արտահայտված իսլամական երանգավորում ունի (շատ խորհրդանշական է Էրդողանի` Սբ Սոֆիան թանգարանից մզկիթ դարձնելու որոշումը):
Նեոեօսմանիզմի ավանդույթները դարձել են թուրքական աշխարհաքաղաքականության բաղկացուցիչ մասը: Մեծ աշխատանք, այդ թվում ` ռազմական, իրականացվում է միանգամից մի քանի ուղղություններով: Այստեղ առնվազն երկու հարց է ծագում: Որքանո՞վ են նյութապես ամրապնդված Էրդողանի «սուլթանական» ծրագրերը, արդյո՞ք երկիրը չի ճկվի այդ ծանրության տակ: Եվ` ի՞նչ անել Թուրքիայի հետ, որն իրեն այդպես է պահում միջազգային ասպարեզում»,- գրում է Կուդրյավցևը:
Նա նշում է, որ Թուրքիան, անշուշտ, խոշոր երկիր է` բազմամիլիոնանոց բնակչությամբ ու բավականին զարգացած տնտեսությամբ: Սակայն հարվածը նրա զբոսաշրջային և այլ հատվածներին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության արդյունքում, երբ խոցվեց ռուսական ինքնաթիռը, ցույց տվեց, որ Անկարայի ամրության պաշարն այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է:
«Եվ եթե Թուրքիան կարողանար իրեն թույլ տալ այն, ինչ ցանկանում է, Էրդողանը, հավանաբար, հետքայլ չէր անի, որ հաշտվի Մոսկվայի հետ: Հետևաբար` Թուրքիան թույլ կողմեր ունի (օրինակ` քրդերի` իրենց պետությունը ստեղծելու պայքարը), և Էրդողանը, հասկանալով իր խոցելիությունն այնտեղ, որտեղ իրավիճակը հօգուտ իրեն չի զարգանում, ցուցաբերում է երկխոսության գնալու պատրաստակամություն: Այդպես էր Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդպես եղավ Սիրիայում, երբ թուրք առաջնորդը, եթե իր կամքը լիներ, կազատվեր Բաշար Ասադից ու լավ կտոր կպոկեր սիրիական տարածքից, բայց քանի որ Մոսկվան ու Թեհրանը համաձայն չէին գործերի այդպիսի շրջադարձին, ստիպված էր պայմանավորվածության գնալ: Այլ կերպ ասած` Անկարայի հավակնություններն, այնուամենայնիվ, ընկերություն են անում ողջամտության հետ: Դա չի նշանակում, որ Էրդողանը կհրաժարվի իր առջև դրված նպատակներից, պարզապես երբ չի հաջողվում ցանկացածին անմիջապես հասնել, թուրքական խաղն անցնում է երկարաժամկետ փուլ: Եվ ահա այդտեղ Թուրքիային կարելի է և հարկավոր է ակտիվորեն ներգրավել բանակցային գործընթացի մեջ:
Ուշագրավ է, որ 2016-ին Էրդողանը հայտարարում էր. «Թուրքիան պետք է հանդարտվի: Պետք չէ ասել` Եվրամիություն` ամեն գնով: Այդպես եմ կարծում: Ինչո՞ւ Թուրքիան չհարի Շանհայի հնգյակին: Ես դա ասել եմ Պուտինին, Նազարբաևին` նրանց, ովքեր հիմա Շանհայի հնգյակում են: Իսկապես, ինչո՞ւ` ոչ: Անշուշտ, նման բանը դժվար է պատկերացնել, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Անկարայի ու Վաշինգտոնի ճանապարհները կարող են միմյանցից հեռանալ»:
Այսպես, թե այնպես, Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը կորցնում է ատլանտյան իմպուլսը: Դրան կարելի է նայել նաև այլ կողմից` ատլանտիզմի արխայիկ դոկտրինը, որը մեր ժամանակներն է եկել նախորդ հարյուրամյակի առաջին կեսից, շունչը փչում է: Եվ դրանից պետք է եզրակացություններ անել»,- գրում է Վլադիմիր Կուդրյավցևը: