կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-26 10:50
Հասարակություն

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է.

«Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ,

Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի եղել որևէ խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ Գնալով իմ իրավունքների ինքնասահմանափակման՝ նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս։

Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ստեղծագործելու և արարելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել։

Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը, կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, և ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարական արժեքների ձեռքբերումները սեփականաշնորհել։

Սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում»։