Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի հերիքել գրագիտությունը և մասնագիտական ճիշտ պատկերացումները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ վերլուծելով ԿԳՄՍ նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժինները։
Այս ոլորտը մշակող աշխատանքային խումբը ղեկավարում է Թամար Ալեքսանյանը, խմբի անդամներն են Գայանե Վարդանյանը, Անի Պապոյանը, Գրիգոր Շաշիկյանը, Գայանե Մկրտչյանը, Աստղիկ Բալայանը։
Վիկտոր Կատվալյանը չի էլ նայել՝ ովքեր են «Գրականությունից» հանել Մաշտոցին, Խորենացուն, Բուզանդին, Քուչակին, Նարեկացուն․․․ բայց մի հարցում համոզված է՝ պետք է ոլորտի չափորոշիչները մշակող խմբից ոմանց ընդգրկելով՝ թարմացնել կազմը, համալրել գիտուն մարդկանցով, մասնագետ մարդկանցով, գիտնականներով, մանկավարժներով, մի քիչ ավելի մեծ խումբ կազմել և բոլորովին նոր նախագիծ գրել․ եղածը թեթև շտկումներով փրկել հնարավոր չէ։
Ապա պետք է քննարկումներ կազմակերպել ակադեմիական համակարգում, բուհական համակարգում, մանկավարժներ ներառել, հետո միայն նոր նախագիծը անթերի տեսքով ներկայացնել հանրության քննարկմանը։
«Հանրությանը ներկայացվող փաստաթուղթը պետք է գրեթե անթերի լինի, որպեսզի հանրությունը իր դիտողությունները, շտկումները կոսմետիկ փոփոխություններով առաջարկի։ Չի կարելի հանրությանը ներկայացնել այդ կարգի թերի, ոչ լիարժեք փաստաթուղթ»,-ասաց Վիկտոր Կատվալյանը։
Ինչո՞ւ է թերի․ պարզվում է՝ գրագետ խոսքի հմտություններ ուսուցանելու հայեցակարգը ներկայացված է անգրագետ լեզվով։
«Ինձ ոչ միայն մտահոգել է, այլ նախ և առաջ զայրացրել է շարադրանքի լեզուն․ խայտառակ լեզու է, խայտառակ սխալներով, աղավաղված հայերենով, բառերի անտեղի, անիմաստ օգտագործումներով, քերականական աղաղակող թերություններով, հասկացությունների սխալ գործածություններով։ Ես կարծում եմ, որ այդ կարգի լեզվական որակով փաստաթուղթ ուղղակի չէր կարելի ԿԳՄՍ նախարարության անունից ներկայացնել հանրությանը․ սա ես անհարգալից վերաբերմունք եմ համարում և՛ մեր պետական լեզվի, և՛ հանրության հանդեպ»,-ասաց նա։
ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենը մեկի փոխարեն մի քանի անգամ է կարդացել նախագիծը․ «Փորձում ես հասկանալ թերությունները, առավելությունները, բայց երբ լեզուն այդ որակի է, ներսումդ բարկության ալիք է բարձրանում և չես հասցնում հետևել բովանդակությանը։ Մի երկու անգամ կարդացի․ բայաձևեր են օգտագործում՝ թվում է, թե հարկադրական եղանակ է, բայց՝ առանց եղանակիչի։ Գրում են՝ «ուսանողը իմանա այսինչը», ուզում են ասել՝ «պիտի իմանա», այդ «պիտին» չկա, ոչ մի տեղ չկա ու գնում է էջերով, գնում է․․․ ջղայնանում ես, այս ի՞նչ են անում, ա՛յ մարդ, ամեն ինչը այնպես է քեզ վրդովեցնում․․․»։
Լեզվի վերաբերյալ նման լեզվական որակի փաստաթուղթ ԿԳՄՍ նախարարության անունից ներկայացնելը նա ուղղակի անհարմար է համարում։
Երկրորդ խնդիրը․ հասկանալի չէ հեղինակները «Հայոց լեզու» և «Գրականություն» ասելով՝ նկատի ունեն հա՞յ գրականություն, թե՞ ընդհանրապես։ Եթե ընդհանրապես, ապա ինչո՞ւ է հիմնական մասը հայ գրականություն ընդգրկված, մի փոքր մաս էլ եվրոպական ու ամերիկյան․ իսկ ո՞ւր մնացին, ճապոնացի, հնդիկ հեղինակները կամ պարսից հզոր գրականությունը։ Եթե հայ գրականություն նկատի ունեն, ապա ո՞ւր են Մաշտոցը, Խորենացին, Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Քուչակը, Նարեկացին։
«Նարեկացի չկա, բոլորովին չկա․․․ պատկերացնո՞ւմ եք, աշխարհի ցանկացած ժողովուրդ կերազեր ունենալ Նարեկացի, մենք մեր սովորողներին տեղյակ չենք պահում, որ Նարեկացի ունենք»,-զարմացավ Վիկտոր Կատվալյանը։
Հայ գրականությունը, ըստ նախագծի, սկսվում է Խաչատուր Աբովյանից՝ նոր գրականության շրջանից, հին և միջնադարյան գրականություն ունենալու մասին 12 տարի սովորած աշակերտը չի իմանալու։
Անտրամաբանական մի մոտեցում էլ կա․ պարզվում է առանձին առարկայով անցնում են «Ռուսաց լեզու և ռուս գրականություն», որի մեջ ներառված գրականությունը հենց ռուսականն է․․․ այդ դեպքում, ինչո՞ւ է «Հայոց լեզու» և «Գրականությունն» առանձնացված և գրականության մեջ միայն հայկականը չէ։ Փաստորեն, մենք դպրոցում ուսուցանում ենք առանձին ռուս գրականություն, բայց հայ գրականություն չենք ուսուցանում։
«Ես շատ վրդովված եմ հայ գրականության հանդեպ վերաբերմունքից, ես տեսնում եմ տրամաբանական սխալ․ ի՞նչ է նշանակում «Հայոց լեզու և գրականություն» առարկա, որի մեջ գրականությունը հայ գրականություն չէ․ «Ռուսաց լեզու և ռուս գրականություն» առարկայի մեջ գրականությունը ռո՛ւս գրականությունն է, չէ՞»,-նկատեց Վիկտոր Կատվալյանը։
Անհասկանալի է՝ ի՞նչ նոր առարկա են հորինել․ գրականություն, որի մեջ ուսուցանվում է հայ գրականության մի հատվածը և մի քանի արտասահմանյան հեղինակներ․ «Տարօրինակ իրավիճակ է, շատ տարօրինակ իրավիճակ է»։
Վիկտոր Կատվալյանն ընդունում է, որ համաշխարհային գրականությանը պետք է ծանոթանան սովորողները, բայց չի հասկանում՝ ինչո՞ւ հայ գրականության հաշվին։
Մի անհեթեթ մոտեցում էլ կա, որ Խորենացուն և մյուս պատմիչներին պետք է անցնել «Հայոց պատմության» շրջանակներում․ «Մոռանում են, որ պատմիչը պատմաբան չէ, պատմիչը նաև գրականություն ստեղծող է»,-նշեց նա։
Ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ մեր գրականությունը դարերի ընթացք ունի և այդ ամբողջ ընթացքը չներկայացնել սովորողին, նշանակում է նրա ազգային ինքնագիտակցության մեջ պակաս տեղեր թողնել՝ ասաց Լեզվի ինստիտուտի տնօրենը։
Նախագծի երրորդ խնդիրը․ Վիկտոր Կատվալյանը լեզվի վերաբերյալ հասկացությունների, պատկերացումների շփոթ է տեսնում․ նախագծում լեզուն դիտվում է իբրև հաղորդակցման և մտածողության միջոց և դրանից էլ բխեցվում է լեզվի ուսուցման նպատակը՝ ուսուցանել գրագետ գրավոր և բանավոր խոսքի կառուցման և հաղորդակցման հմտություններ։
«Չափազանց սահմանափակ պատկերացում է լեզվի մասին և լեզվի ուսուցման նպատակների մասին»,-արձանագրեց Վիկտոր Կատվալյանը։
Նրա համոզմամբ, Լեզուն, նախ և առաջ, ազգային ամենակարևոր, ամենախոշոր ստեղծագործությունն է, որն արտացոլում է ազգի հոգեբանությունը, մտածելակերպը, աշխարհընկալումը, աշխարհայացքը, կենցաղը, պատմությունը․․․ ամեն ինչ․ լեզուն դիտարկել միայն որպես միջոց և այն էլ՝ մտածողության ու հաղորդակցման, նրա խորին համոզմամբ, ճիշտ չէ։
Լեզուն, ըստ նրա, նաև հիմք է, կառուցվածք է, իր ներքին օրինաչափություններն ունի և ինչպես ուսումնասիրում ենք մաթեմատիկայի, կենսաբանության, ֆիզիկայի օրինաչափությունները, այնպիսի մոտեցման արժանի է նաև լեզուն, այն էլ՝ մայրենի լեզուն։
«Ես սպասում էի, որ այս նոր չափորոշիչներով լեզվի ուսուցման նոր մոտեցում կներկայացվի․ լեզուն կդիտվի որպես ազգային հոգեբանության, ազգային մտածողության արտահայտման միջոց և կուսումնասիրվի իբրև այդպիսին։ Եվ դրանով նաև սովորողի ինքնությունը կընդգծվի։ Ի միջի այլոց, այնտեղ ասվում է՝ լեզվի ուսուցմամբ ինքնաճանաչողություն պետք է ձևավորվի սովորողի մոտ․ ինչո՞ւ միայն ինքնաճանաչողություն, նաև՝ աշխարհի ճանաչողություն, շրջապատի ճանաչողություն, ազգի, հայրենիքի ճանաչողություն, ո՞ւր մնաց հայրենիքը»,-ասաց Վիկտոր Կատվալյանը։
Նրա համոզմամբ՝ եթե չկա լեզվի այսպիսի համընդգրկուն, լայնածավալ պատկերացում, ապա չի կարող դրանից բխեցվել համապատասխան ուսուցում, որը մեզ պետք է։
Այս ամենը մշակող հանձնաժողովում ով է՝ Վիկտոր Կատվալյանի համար էական չէ, էականն այն է, որ դա ներկայացնում է ԿԳՄՍ նախարարությունը․ «Ըստ երևույթին, այդ մարդիկ հանձնարարություն են ստացել և կատարել են այդ հանձնարարությունը»։
Փոփոխություններ, իհարկե, պետք են, ասաց նա, դա գիտակցում են բոլորը, պետք է գնալ առաջ, բայց կրթությունն այն ոլորտն է, որտեղ պետք է շատ զգույշ անել քայլը, պետք է շատ զգույշ գնալ առաջ, այնպես, որ այդ առաջընթացը արժեքների կորստի պատճառ չդառնա։
«Այդ կարգի անզգուշությամբ «Հայ եկեղեցու պատմությունն» են ուզում դուրս թողնել՝ մոռանալով, որ հայ եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ, հայ եկեղեցին հայ մարդու համար շատ կարևոր կառույց է, հայ եկեղեցին դարեր շարունակ կատարել է հայ պետության դեր և մեծ ճանապարհ է անցել, դպրությունը եկեղեցու մեջ է զարգացել․․․ այս ամենը մոռանալ և հայ եկեղեցին դիտարկել իբրև սովորական կրոնական կազմակերպություն, վիրավորական է, չի կարելի»,-ասաց Վիկտոր Կատվալյանը։
Չափորոշիչները նախագիծը շատ ընդհանուր է, դրա հիման վրա գրվելու են դասագրքեր․ խնդիրը նաև այն է՝ ինչ հայեցակետով դասագրքերը կկազմվեն։
Անգամ նախագծի անունն է Վիկտոր Կատվալյանին անտրամաբանական և անհասկանալի թվում․ «Չես հասկանում․ գրված է՝ Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներ և օրինակելի ծրագրեր, «Հայոց լեզուն» և «Գրականությունը» մեկ առարկա է հասկացվում, հետո գնում է հայոց լեզվի մասը, հետո գնում է առանձին գրականության մասը։ Չես հասկանում՝ այդ «հայոցը» գրականությանը վերաբերո՞ւմ է, թե՞ չի վեբերում․ եթե վերաբերում է՝ հայոց գրականություն է, այդ արտասահմանյան գրողներն ի՞նչ կապ ունեն, եթե չի վերաբերում՝ «Հայոց լեզու» և «Գրականություն», բա «Ռուսաց լեզու» և «Գրականության» մեջ ինչո՞ւ է ռուս գրականության մասին խոսքը, ապա «Հայոց լեզու» և «Գրականության» մեջ ո՞ր գրականության մասին է խոսքը․․․ այդ ի՞նչ նոր առարկա են հայտնագործել»։
Ամփոփելով՝ Վիկտոր Կատվալյանն ասաց, որ նախագծում պետք է փոխել լեզվի նկատմամբ պատկերացումները, իսկ գրականությունը ամբողջովին հայ գրականություն ներկայացնել և այդ ձեռնածությունները դուրս թողնել․ «Հայ գրականությունը պետք է լինի հայ գրականություն, վե՛րջ, իր բոլոր բաղադրիչներով, զարգացման բոլոր փուլերով։ Նախագիծը ամբողջովին պետք է փոխվի»։
Աննա Բալյան