կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 14:20
Քաղաքական

Դեսպան Բալայանը սուր հոդված է գրել Բաքվի սպառնալիքների և Թուրքիայի վտանգավոր կեցվածքի մասին

Դեսպան Բալայանը սուր հոդված է գրել Բաքվի սպառնալիքների և Թուրքիայի վտանգավոր կեցվածքի մասին

Նիդերլանդական  «Daily Nederlands Dagblad» թերթում բավական սուր հոդված է հրապարակել այդ երկրում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը` մեջբերելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումները, որոնք  հանգեցրել են մարդկային զոհերի: Ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումը կանոնավոր բնույթ է կրում, որի համար ադրբեջանական կողմը խուսափում է պատասխանատվությունից:

Ինչպես տեղեկացնում «Նիդերլանդական օրագիր» կայքը, առավել վտանգավորը Բաքվի վերջին հայտարարությունն է` Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու վերաբերյալ: Մեկ այլ մտահոգիչ ու սադրիչ գործունեություն է ծավալում Թուրքիան, երբ բացահայտ հայտնում է, որ մինչև վերջ աջակցելու է Ադրբեջանին:

Դեսպանը հակիրճ անրադարձել է հակամարտության նախապատմությանը: Հայաստանի ուղերձը միանշանակ է. խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա` գտնում է դեսպանը:

Միջազգային հանրությունը պետք է այս հարցը ուշադրության կենտրոնում պահի, աջակցի բոլոր կողմերին հարգել 1994-ի հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանը պետք է համաձայնի միջազգային հանրության առաջարկին` խրամատների երկայնքով ԵԱՀԿ դիտորդների տեղակայման առաջարկությանը, ինչպես նաև ստեղծել ԵԱՀԿ հետաքննչական մեխանիզմ հրադադարի խախտման գործողությունների վերաբերյալ: Միայն այս կերպ կհարատևի խաղաղությունը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը` ամբողջությամբ․

«Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավել Հայաստանի սահմանային հենակետերը, ինչի արդյունքում երկու կողմից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ. կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմին, ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տևած պատերազմը խլեց 35 000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան ԼՂԻՄ­ի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին 1921 թ․ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։

Հրետանու կիրառումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, քանի որ այն թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր և տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքերը վտանգելով։

Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել՝ այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝  կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին, սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են․Ադրբեջանի ֆինանսական և քաղաքական ճգնաժամերը (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են), ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումները, նավթի գները կտրուկ անկումը, համավարակի հետևանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք։

Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները ավելացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի վերաբերյալ  ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը և անպատասխանատու վարքագիծ է դրսևորում, հստակորեն երևում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունից, որում, մասնավորապես, նշվում է․«Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ և վախ տարածելու նպատակով։

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքայի սադրիչ դերը, մասնավորապես վերջինիս բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառմանը բացահայտ աջակցութունը և Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։ «Մենք երբեք չեն լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչև վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Վերջին օրերին  Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանի երկայնքով օդ էին բարձրացվել ռազմական ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ․պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը։ Ակտիվացրել է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ վտանգավոր քայլ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռևս չի դատապարտվել ՆԱՏՕ-ի անդամների կողմից։  

Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնի հումանիտար աղետի, որի հետևանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը և փախստականների հոսքերը։

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը և կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը և խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ․զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայնմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տևական խաղաղության հեռանկար»։