Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքին, հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին:
Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին:
Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան:
Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսեւորած ոգին եւ գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը եւ նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու եւ իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության եւ գոյության հիմնական երաշխավորներից է:
Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին եւ հոգեւոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական եւ ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության եւ բարօրության:
Նորին Սրբությունը խոսեց նաեւ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգեւոր զորությամբ եւ միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները եւ արձանագրվել հաղթանակները: Հայոց Հայրապետի խոսքով` այսօր եւս, դժվարությունների եւ փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետեւողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի եւ փորձառության: