Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չստորագրելն ու այն Սահմանադրական դատարան չուղարկելը սահմանադրական խախտում է նախագահի կողմից, նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը չստորագրելու և, միևնույն ժամանակ, ՍԴ չուղարկելու փաստին։
2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ հետո նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ հիշյալ օրենքներն իր կողմից չեն ստորագրվելու:
«Սահմանադրությունը նախագահին երկու հնարավորություն է տալիս՝ կամ ստորագրելու, կամ ՍԴ ուղարկելու և, միաժամանակ, տալիս է կանոն, թե ինչպես պետք է վարվել, եթե ի խախտումն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը ոչ մեկ, ոչ մյուս գործողությունը չի կատարում։ Այդ դեպքում ԱԺ նախագահին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում ստորագրել տվյալ օրենքը», - ասաց Մելիքյանը։
Իրավապաշտպանը նկատեց՝ առանց օրենքը ուժի մեջ մտնելու այն սկսվեց կիրառվել, մասնավորապես դա դրսևորվեց, երբ ՍԴ դատավորին թույլ չտրվեց մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք։
«Հանրապետության վարչապետը հրապարակավ ներկայացրեց, որ այսուհետև Սահմանդրական դատարանի երեք դատավորներն այլևս դատավոր չեն և դա պարտավոր են ի գիտություն ընդունել բոլորը։ Սա, ըստ էության, հրահանգ էր վարչապետի կողմից ու տեսանք, որ անկախ օրենքի ուժի մեջ մտել կամ չմտնելուց՝ ոստիկանները ուղղակի ֆիզիկապես չթույլատրեցին ՍԴ դատավորին մուտք գործել ՍԴ շենք (նկատի ունի Հրանտ Նազարյանին՝ խմբ.)», - նշեց նա։
Մելիքյանն ընդգծեց, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է՝ երկրում սահմանադրական կարգը տապալված է։ Իրավապաշտպանը նկատեց, որ սա լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ ապագայի համար։
«Սահմանադրական կարգի տապալումով պրոբլեմներ են ստեղծվում, որը ոչ թե իշխող քաղաքական ուժին է վերաբերվում, այլ առհասարակ մեր պետությանը։ Մեր երկրում տասնամյակներ ի վեր գոյություն ունեցած կոմպրոմիսը, որը ենթադրում էր հարգանք Սահմանադրության նկատմամբ, մեր մոտ խարխլված է։ Սա ցանկացած նոր իշանություն կարող է որպես նախադեպ ընդունել և իր մտքին փչածն իրականացնել։ Սա շատ վատ է, բայց փաստ է», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է գնահատում վերջին շրջանում ՍԴ-ում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով, որ ՍԴ-ն մի քանի անգամ չի կարողացել ախատանքներ իրականացնել քվորման բացակայության պատճառով՝ Մելիքյանն ընդգծեց․
«Սահմանադրական դատարանն այս պահին ֆունկցիոնալ մարմին չէ։ ՍԴ-ում այս պահին ճգնաժամ է, և դրա ողջ պատասխանատվությունն իշխող քաղաքական ուժինն է»։
Հաշվի առնելով, որ այսօր լրանում է Սահմանադրությամբ նախատեսված 21-օրյա ժամկետը՝ Yerkir.am-ը փորձեց նաև կապ հաստատել նախագահի լրատվական ծառայության հետ և պարզաբանում ստանալ առ այն, թե արդյո՞ք նախագահը մտադիր է ուղարկել օրենքը ՍԴ կամ ստորագրել այն, մինչդեռ պարզաբանում ստանալ այդպես էլ չհաջողվեց։
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունել էր առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։
Ըստ այս փոփոխությունների՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխվում է. առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահվում է Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին։ ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, նախագծի համաձայն, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Ավելի վաղ Yerkir.am-ը «Ո՞ր իրավունքով է նախագահը հրաժարվում ստորագրել» խորագրով անդրադարձել էր թեմային: