Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի մշակույթի պետական քոլեջի աշխատակիցները, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով՝կասեցնել ՀՀ կառավարության ապրիլի 23-ի 623-Ա որոշումը՝ քոլեջների միաձուլումը:
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին
ՀՀ Հանրային խորհրդին
Մարդու իրավունքների պաշտպանին
Երևանի մշակույթի պետական քոլեջը հիմնադրվել է 1929 թվականին որպես Կինոմեխանիկների հանրապետական դպրոց: Քոլեջն իր կրթության 90-ամյա գործունեության ճանապարհին վերանվանվել է որպես Կինոտեխնիկում, այնուհետև որպես Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ 2000 թվականից: Քոլեջում այսօր կրթություն է իրականացվում 9 մասնագիտություններով, ունի 83 աշխատակից և 326 ուսանող:
2017թ. քոլեջում առաջին անգամ ձևավորվեց կառավարման խորհուրդ, որն իր լիազորությունների շրջանակում ընտրեց տնօրեն 2017 թ. դեկտեմբեր ամսին:
Նորընտիր տնօրեն դարձավ շուրջ 10 տարի քոլեջում որպես փոխտնօրեն աշխատած Վրեժ Կիրակոսյանը: Կիրակոսյանը իր կողմից ներկայացված քոլեջի ռազմավարական ծրագրում կարևորել էր մի հանգամանք. քանի որ քոլեջի համար 2019թ. հոբելյանական էր լինելու, քոլեջի գործունեության 90 ամյակն էր բոլորում, նախաձեռնվել էր քոլեջի անվանակոչման հարցը: Երբ ներկայացրեց տնօրենը նախաձեռնությունը, թե ում անունով է ցանկանում անվանակոչել քոլեջը, և՛ աշխատողների, և՛ ուսանողների, և՛ կառավարման խորհրդի կողմից այն արժանացավ դրական վերաբերմունքի և տրվեց նախաձեռնության մեկնարկին մեր զորակցությունը, ինչն էր 2019թ. քոլեջը անվանակոչել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով: Տնօրենը ձեռնարկեց բոլոր միջոցները՝ դիմելու Ազնավուրին, ստանալու նրա համաձայնությունը, ինչը, ավաղ, մի պահ կանգ առավ. անսպասելի կյանքից հեռացավ մեծ հայը:
Չնայած այս ամենին, մեր նպատակը մեկն էր՝ հասնել արդեն երազանքի կարգավիճակ ստացած նպատակին: Տնօրենը շարունակեց համառ գործելաոճը, այն տվեց իր պտուղները. ստեղծվեծ կապ Ազնավուրի ժառանգների և Ազնավուր ֆոնդի հետ, ինչի արդյունքում Ազնավուր ընտանիքի անդամները՝ որդին և հարսը, Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելեցին քոլեջ: Նրանք տեղում ծանոթացան քոլեջի աշխատակազմին, ուսանողներին, որից հետո հայտնեցին, որ պատրաստակամ են որպես ժառանգորդ տալու իրենց համաձայնությունը քոլեջի նախաձեռնությանը՝ այն անվանակոչելու Շառլ Ազնավուրի անունով: Համաձայնությունը ստանալուց հետո՝ 2018թ., համապատասխան գործընթաց իրականացվեց քոլեջում, որից հետո քոլեջի կողմից դիմվեց քոլեջի լիազոր մարմնին՝ Կրթության և գիտության նախարարությանը՝ ընդառաջ գնալ նախաձեռնությանը և այն ներկայացնել կառավարություն, որպեսզի 2019թ. քոլեջը անվանակոչվեր, և այդպիսով նշանավորվեր քոլեջի հիմնադրաման հոբելյանը: Դիմելուց որոշ ժամանակ անց տնօրենը մեզ տեղեկացրեց, որ իրեն Կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ ողջունելի է նախաձեռնությունը, սակայն նախարարությունը նախաձեռնել է գործընթաց՝ քոլեջների միավորման, քանի որ 2007թ. Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջին Երևանի մշակույթի պետական քոլեջից ժամանակավոր տրվել է տարածք, և այն ավելի փոքր քոլեջ է իր ուսանողներով, մասնագիտություններով և աշխատակազմով, ունի համանման մասնագիտություններ, որոնցով կրթություն իրականացվում է նաև Երևանի մշակույթի պետական քոլեջում, հայտնել են, որ նպատակահարմար են գտնում միավորել և ստեղծել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջը, որի գործառույթը հետագայում ավելի արդյունավետ կլինի թե՛ կառավարության, թե՛ կրթության կազմակերպման և իրականացման գործում: Այդ ժամանակ մենք հայտնեցինք մտավախություն, որ հնարավոր է արդյունքում տեղի ունենան մասնավոր որոշումների կայացում, աշխատատեղերի կրճատում, ինչպես նաև անարդարություններ, հաշվի չառնվի կոլեկտիվի կարծիքը, ինչպես նաև ծրագիրը, գաղափարը դառնա այլ նպատակների իրականացման լծակ:
Մեզ տնօրենը հայտնեց, որ բնավ նմանատիպ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ, հուսադրեց, որ ամեն ինչ արդար է լինելու, քանի որ ինքն էլ դեռ մեկ տարի է, ինչ ընտրված է, գաղափարը ապագային է նվիրված, այն նոր կարգավիճակ է տալու ուսումնական հաստատությանը, քանի որ կա Ազնավուր հիմնադրամի հետ պայմանավորվածություն՝ քոլեջի և հիմնադրամի միջև հետագա համագործակցության ծավալման, ինչը հնարավորությունների նոր և լայն շրջանակ է բացելու քոլեջի գործունեության համար, որի արդյունքում հնարավորություններ կբացվեն քոլեջի նյութատեխնիկական բազան արդիականացնելու, և քանի որ քոլեջն ունի նաև կապիտալ վերանորոգման կարիք, և պետությունն ունի աջակցության կարիք, կգտնվեն համապատասխան բարերարներ, ուղիներ կստեղծվեն այս ամենն իրագործելու, որն էլ կթեթևացնի հեղափոխություն ապրած մեր երկրի բեռը այլ ճանապարհներով լուծելու գործում: Մեր բոլորիս մտահոգությունները փարատվեցին, քանզի վստահ էինք, լիահույս էինք, որ կա հավատ դեպի ոչ բռնի, թավշյա հեղափոխություն ապրած պետությունն ու իշխանությունը, և մեծ նախաձեռնությունը, ապագայի գործերը չէին կարող օգտագործվել այլ նպատակների համար կամ շահ չունենալու դեպքում ոչնչացվել, ինչպես ժամանակին արվել է:
Այդքան սպասված գործընթացը ի վերջո 2020թ. ապրիլի 23-ին կառավարությունը համապատասխան որոշմամբ հայտարարեց, և մենք բոլորս ուրախություն ապրեցինք, որ, ճիշտ է, այն չնշանավորվեց քոլեջի հիմնադրման հոբելյանով, բայց այնուամենայնիվ այն տեղի ունեցավ և մենք բոլորս մեզ մի պահ պատկերացրինք ազնավուրականներ՝ պատրաստ մեծ գաղափարների շուրջ համախմբվածության, աշխատանքային մեր զորակցությամբ, որը կուտակվել է իրականացման սպասումով:
Մի քանի օր առաջ քոլեջից մեզ հետ տնօրենի կողմից կապ հաստատվեց, և մենք տեղեկացանք այն մասին, որ կառավարությունը մեկ այլ որոշում է կայացրել, որ քոլեջները միավոորվելու են, սակայն նորաստեղծ քոլեջը չի լինելու Շառլ Ազնավուրի անունով: Մենք բոլորս անհանգստացանք և հայտնեցինք մեր անհամաձայնությունը, մեր դժգոհությունը, ինչպես նաև մտահոգությունը՝ թե արդյոք այս ամենը չի հետապնդում ինչ-որ մեկի անձնական այլ քողարկված շահերի իրականացում, և մենք այս ամենում տեսանք այն, ինչ այսօր տեղի է ունենում ԿԳՄՍ նախարարի անձնական քմահաճույքների, պաշտոնական դիրքի օգտագործման, չպատճառաբանված ամբիցիաներով, որը հանդուրժել և ընդունել անհնար է: Մեր քոլեջի տնօրենը ընտրված է խորհրդի կողմից, դեռևս ունի երեք տարի քոլեջում պաշտոնավարելու իրավունք, ինչպես նաև Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրենը ունի մեկ տարի պաշտոնավարելու իրավունք, սակայն նախարարի անձնական որոշմամբ, առանց իրավական հիմքեր ունենալու, նրանց դարձնում են գործազուրկ: Նոր ստեղծվելիք քոլեջը Ազնավուր չէ, և տապալվել է ամբողջ պրոյեկտը, քանի որ կան նախարարի կողմից յուրայինին առաջ տանելու և Ազնավուր գաղափարը մանիպուլատիվ և պետական դիրքը օգտագործելով խլելու բաղձալի նկրտումներ: Նշանակվել է նոր ստեղծվելիք քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար ո՛չ գործող երկու տնօրենների հետ քննարկելու, նրանց կարծիքները հաշվի առնելու, երկու քոլեջների կոլեկտիվների կարծիքները հաշվի առնելու միջոցով, այլ իր օգնականի և իր օգնականի հայրիկի հորդորով, ով աշխատում է քոլեջում, ով արդեն իսկ մինչ նշանակվելը հայտարարել էր, որ իր յուրայինն է լինելու, և պաշտոններ էր բաժանում քոլեջում՝ նրանց անձնական շահը նկատի ունենալով հայտարարելով, որ այդպես արդարամիտ է: Նշանակված պաշտոնակատարը 63 տարեկան է, ունի հաշմանդամության կարգ, ինչպես նաև դեռ իր լիազորություններին չանցած՝ գալով քոլեջ հայտարարել է, որ երկու տնօրեններն էլ գործազուրկ են, պետք է գնան իրենց տներով, դասախոսները և մյուս աշխատակիցները նույնպես ազատված են և պետք է գան, դիմում գրեն աշխատանքից ազատման համար, ինքը այլ կերպ է պատկերացնում իր աշխատակազմը, քանի որ նախարարի օգնականի հայրիկի հետ բաժանել են արդեն հաստիքները, պաշտոնները, աշխատասենյակները: Այն ինչ տնօրեններից մեկը՝ Վրեժ Կիրակոսյանը, 37 տարեկան է, ունի երկու մանկահասակ որդիներ, կրթության կառավարման ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ, իսկ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը 53 տարեկան է, նա ևս արվեստում մեծ վաստակ ունի, Արցախյան շարժման և գոյամարտի մասնակից է, ում որդին այսօր իր ժամկետային զինվորական ծառայությունը՝ իր պարտքն է կատարում հայոց Ազգային Բանակում:
Ի՞նչ իրավական պայմաններով և հիմքերով պետք է նրանք դառնան գործազուրկ, ովքեր ընտրված տնօրեններ են, և պետք է գնան աշխատանք փնտրեն, ինչպես նաև մյուս դասախոսները և աշխատողները, նրա քմահաճույքին է տրված, կշարունակեն իրենց աշխատանքը, թե ոչ:
Երկու տնօրենները, ի դեպ, այս գործընթացի ընթացքում, երբ որ արդեն տեղեկացել էին քոլեջում անձնական ախորժակներ իրականացնելու մասին, պաշտոնական գրությամբ դիմել էին ԿԳՄՍ նախարարին որպես գործատու, իրենց հետ հանդիպման կազմակերպման, նաև իրենց և աշխատողների աշխատելու հարցի մտահոգությամբ և առաջարկել հանդիպում, որի ժամանակ հաշվի պետք է առնվեր քոլեջի աշխատողների և ղեկավարության կարծիքը ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցում: Պետք է նշենք, որ դիմումը ևս արհամարհվել է նախարարի կողմից, և նրանց հետ որևիցե հանդիպում չի կազմակերպվել:
Մեծարգո պարոնայք
Դիմում ենք ձեզ որպես Հայաստանի Հանրապետությունում մշակույթի, կրթության ոլորտում իրենց ավանդը ներդրած, իրենց մասնագիտությանն ու աշխատանքին նվիրված ՀՀ հպարտ և դուխով քաղաքացիներ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի պաշտոնյա չի կարող արհամարհել քաղաքացուն, ժողովրդին, առավել ևս իր մասնագիտությամբ ծառայած և ծառայող նվիրյալին այս սոցիալ-տնտեսական համաճարակային պատերազմական իրավիճակում, ոտնահարել մարդու սոցիալական պաշտպանության իրավունքը, նրան դարձնել գործազուրկ, առավել, ոչնչացնել և փշրել նրա գաղափարները, մասնագիտական կարողությունները, որոնք միայն և բացառապես ներդրվում են ի շահ այսօրվա և վաղվա մեր երկրի կայացման և արժանապատիվ կրթություն ու մշակույթ ունենալու գործում:
Այսօր իր անձնական շահը, պաշտոնական դիրքը, քաղաքական հայացքները, ինչպես նաև անձնական ամբիցիաները ամեն ինչից վեր դասելու հետևանքով ԿԳՄՍՆ-ն ձախողել է մի մեծ նախաձեռնություն. չի ստեղծվելու Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջը, այն մեծ հարցականի տակ է, քանի որ Ազնավուրի ընտանիքը այնպիսի բարոյական արժեքների կրող է, որ հասկացել է նախարարի նկրտումները, անձնական ամբիցիաները և ավելի քաղաքակիրթ ձևով հայտարարությամբ հանդես է եկել, որ այն կքննարկվի ԿԳՄՍՆ-ի նախաձեռնած «սև գործը», «լվացքը» ավարտելուց հետո, ավելին, բարոյական առումով այն ավելի դատապարտելի է, քանի որ փորձ է արվում մեր նախաձեռնությունը յուրացնել և դարձնել նախարարինը:
Դեմ ենք արտահայտվում բոլոր գործընթացներին, խնդրում Ձեզ հրատապության կարգով, որպես երկրի ղեկավարի, նվիրյալի, ժողովրդի զավակի, ով այսօր ունի ավելի մեծ խնդիրներ, քան այս խնդիրն է, հայցում ենք կասեցնել կառավարության որոշումը, քանզի այն ԿԳՄՍ նախարարը իր գործընթացով ծառայեցնում է թե՛ իրավական թե՛ բարոյական տեսանկյունից իր անձնական և «վեհ» գաղափարները իրագործելու համար: Մենք ամբողջ աշխատակազմով դեմ ենք արտահայտվում այս կարգով միաձուլմանը, պատրաստակամ ենք բոլորս կոլեկտիվ կարգով դիմում ներկայացնել և ազատվել աշխատանքից ամբողջ աշխատակազմով՝ և դասախոսական, և վարչական, և սպասարկող: Եվ թող այդ ժամանակ պարոն Հարությունյանը գա միայնակ իր երկրին ոչինչ չտված յուրայինով իրականացնելու այստեղ իր կամայականությունները: Պատրաստակամ ենք երկրի առջև ծանրացած այս իրավիճակը թեթևանալուց հետո առողջ մթնոլորտում տեր կանգնել մեր նախաձեռնությանը, քննարկել և կյանքի կոչել: Քոլեջը չի հիմնադրվել Արայիկ Հարությունյանի կողմից, նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ քոլեջն ունի շատ ավելի մեծ գործառույթ: Արայիկ Հարությունյանը հավերժ նախարար չէ, բայց քոլեջը իր ստեղծման օրվանից ունեցել է և ունի միշտ լինելու, սերունդներ կրթելու գործում պատվավոր և բարոյական առաքելություն: Աստված պահապան Ձեզ և մեր ժողովրդին:
Հարգանքով. Արժանապատիվ աշխատակիցներ....