կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 15:09
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ 20 տուն են ռմբակոծել, Այգեպարի մանկապարտեզը, ջրագիծը․ Տավուշի մարզպետ

Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտ 20 է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնում մամուլի ասուլիսում։

«Կան տարբեր բնույթի վնասներ, և ուղղակի ասել, որ այդ տները վերանորոգվելու են, կարող է մի փոքր բարձր հնչել, կան նաև փոքր վնասներով տներ: Այս գիշերից հետո առկա է վնասված ևս 10 տուն: Ընդհանուր առմամբ, մենք խոսում ենք այս պահին 30 առանձնատների մասին: Նախնական ուսումնասիրությամբ՝ ունենք առնվազն երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ այս պահին Տավուշում հարաբերական անդորր է: Համայնքներում խուճապ չկա, իրավիճակը կայուն է՝ հսկողության ներքո:

Հայկ Չոբանյանն ասաց, որ վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները: Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը:

«Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ Ներքին Կարմիր Աղբյուրի հատվածում, որի վերականգնման աշխատանքները  ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով մեր բնակիչների անվտանգությունն  ապահովելու համար»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ հայտարարել են ներքին մոբիլիզացիա, մասնավորապես, պատսպարման առումով:

«Մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց նա:

Մարզպետը տեղեկացրեց, որ առավոտյան Կառավարության հետ քննարկումներ են անցկացրել և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է փոխանցի վնասների չափի վերաբերյալ:

Վաղվանից կզբաղվեն այդ բնակարանների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցեն նորերը:

Մանրամասն՝ տեսանյութում․