Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց թաղամասում հանրակրթական դպրոց ու մանկապարտեզ չկա, թեև 2014 թ-ից, երբ թաղամասը նոր էր ձևավորվում, քաղաքապետարանը խոստումներ էր տալիս, որ պիտի լինեն՝ ըստ Yerkir.am-ի ասացին թաղամասի բնակիչները։
Նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանրակրթական դպրոց ու մանկապարտեզ կառուցել իրենց բնակավայրին մոտ, քանի որ ընդունված նորմերով՝ պետք է բնակելի թաղամասից 700 մետրի վրա լինեն դպրոցն ու մանկապարտեզը, այնինչ ամենամոտը 7 կմ հեռավորությամբ է։
«Հետագայում մոռացվեցին խոստումները, փոխարենը մասնավոր դպրոց կառուցվեց բավականին թանկարժեք, սկսեցինք ուղիներ փնտրել՝ ոնց կարող ենք ունենալ դպրոց և մանկապարտեզ։ Ասացին՝ հարմար տարածք չկա, որ կառուցվեն, բայց քաղաքապետարանին սկսեցինք ցույց տալ ազատ հողատարածք, որը, սակայն, մասնավոր է։ Ասացին՝ դպրոցի համար փոքր է, բայց մանկապարտեզի համար՝ ոչ։ Մենք ուղին ցույց տվեցինք՝ ինչպես կարելի է մասնավոր տարածքը դարձնել հանրային, բայց քաղաքապետարանը քայլ չձեռնարկեց»,-ասաց բնակիչներից մեկը։
Ապա բնակիչները հանդիպել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի հետ, որն էլ զանգել է քաղաքապետարան, բայց քաղաքապետը մերժել է մասնավոր տարածքը որպես հանրային գերակա շահ ճանաչել, և այժմ այդ տարածքում 12 հարկանի շենքերի շինարարություն է սկսվել։
«Շինթույլտվությունը տվել է 2020 թ-ի նոյեմբերի 5-ին՝ պատերազմի ընթացքում։ Մենք քաղաքապետարանին տեղյակ էինք պահել, որ դիմել ենք կառավարություն, որ գերակա շահ ճանաչվի, քաղաքապետարանը պետք է սպասեր մինչև կառավարության որոշումը կայացվի, բայց պատերազմի թեժ ժամանակները, երբ բոլորիս միտքն ուրիշ տեղում էր, շինթույլտվությունը տրվեց»,-ասաց բնակիչը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ այդ շինարարությունը առնվազն երկու նորմ խախտում է, բայց քաղաքապետարանից ասել են՝ այդ նորմերով չեն կարող արգելել շինարարությունը։
«Հիմա իրավիճակն ավելի է սրվում, որովհետև շինհրապարակը լրացուցիչ անհարմարություններ է ուզում պատճառել թաղամասին, կռունկ են ուզում տեղադրել մայթին, որով մեքենաների տեսադաշտը կփակվի և վթարածին իրավիճակ կստեղծվի»,-ասացին ակցիայի մասնակիցները։
Խոսքը թաղամասի անմիջապես հարևանությամբ՝ Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքում կառուցվող երկմուտքանի 12-հարկանի շենքերի մաիսն է, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար։ Այս տարածքի սեփականատերը, նրանց խոսքով, օգտվելով Երևանի քաղաքապետարանի և Ավանի թաղապետարանի հովանավորչությունից օր օրի ընդլայնում է իր շինարարական տարածքը համայնքային հողակտորների հաշվին՝ ավելի շատ անհարմարություններ ստեղծելով Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչներին։
Մանրամասն՝ տեսանյութում․