կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-15 18:05
Քաղաքական

Պե՞տք է արդյոք Հայ Եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դասավանդել ՀՀ դպրոցներում

Պե՞տք է արդյոք Հայ Եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դասավանդել ՀՀ դպրոցներում

Պե՞տք է արդյոք Հայ Եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դասավանդել ՀՀ դպրոցներում։

Այս հարցը առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած, քրիստոնեության երկուհազարամյա ճանապարհ անցած ազգի համար սոսկ ճարտասանական հարց պետք է լիներ և իր մեջ պիտի պարունակեր միայն ու միայն «այո»–ն։ Ցավալի է, բայց այսօր ստիպված ենք պատասխանել այս հարցին, տալ բացատրություններ, հիշեցնել անցյալը, խոսել իրականության մասին։ Մոռացե՞լ ենք, թե չենք ուզում հիշել, որ չունենք գիտության ու մշակույթի որևէ բնագավառ, որը ձևավորված, ազգային շունչ ու ոգի առած չլինի Մայր Եկեղեցու ծոցում։

Գուցե լավ չե՞նք ըմբռնում մայր հողի վրա արյուն թափած և Ավետարանի լույսը Հայաստան աշխարհ բերած Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մեծությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Աբգար, Տրդատ և Վռամշապուհ Սուրբ թագավորների, Սրբոց Հռիփսիմեանց և Գայանեանց, Վարդանանց, նահատակների, հայրապետների և մյուս սրբերի կյանքն ու գործը։ Գուցե մոռացե՞լ ենք, որ երբ չունեինք պետականություն (մոտ 1000 տարի) Եկեղեցին առաջնորդեց, համախմբեց, պաշտպանեց, կրթեց, դաստիարակեց, կերտեց։ Հավատը հային հայ պահեց։ Եկեղեցին հային հայ պահեց։

Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշվեց ՀԵՊ առարկան ներառել հայրենագիտություն և հասարակագիտություն առարկաների մեջ։ Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարության հարգելի ներկայացուցիչները տեսնում են ՀԵՊ նյութերի երբեմն կրկնությունը հայոց պատմության դասագրքերում և աչք են փակում այն իրողության առաջ, որ նույն այդ հայրենագիտություն առարկայի գրեթե բոլոր նյութերը կրկնվում և ուսուցանվում են տարբեր դասարանների տարբեր առարկաների դասագրքերում, իսկ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների հիմնական դպրոցում անցած բոլոր նյութերը կրկնվում են ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում։ Եթե շարժվում եք «կրկնությունը գիտության մայրն է» կարգախոսով, ապա ինչո՞ւ եք խուսափում և մատի փաթաթան դարձնում ՀԵՊ առարկայի նյութերի կրկնությունը։

Այո՛, կա՛ ՀԵՊ առարկայի դասագրքերում արծարծվող թեմաների բովանդակային խնդիր, սակայն ինչո՞ւ դրա պատճառով ջնջել ամբողջական մի առարկա։ Հայաստանի անկախացումից ի վեր քանի՞ անգամ են փոխվել հայոց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, օտար լեզուների և այլ առարկաների դասագրքերը։ Ինչո՞ւ դրանք չենք հանել դպրոցական ծրագրից, այլ ցանկացել ենք բովանդակային առումով ավելի լավ դասագրքեր ունենալ։

Ինչո՞ւ դա չի կարելի անել ՀԵՊ առարկայի դեպքում։ Ունի արդյո՞ք նախարարությունը լուրջ գիտամանկավարժական վերլուծություն հայրենագիտության, ինչպես նաև ինտեգրված կոչվող մյուս դասագրքերի գոյության արդարացված լինելու մասին, որ փորձում է նորանոր ինտեգրված դասագրքեր ներդնել կրթական համակարգում (դպրոցի հետ քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր մարդ՝ ուսուցիչ կամ ծնող, ձեզ դգոհությունների երկար ցուցակ կարող է ներկայացնել)։ Բնականաբար, ինտեգրված այս նոր դասագիրքը լինելու է ԽՍՀՄ պատմության դասագրքերի նման, որոնց բուն նյութը Ռուսաստանի պատմությունն էր, իսկ թեմայի ամփոփիչ բաժնում՝ մի քանի պարբերությամբ խորհրդային մյուս ժողովուրդների պատմությունը։ Կասկած չկա, որ նույն բախտին է արժանանալու ՀԵՊ առարկան։ Խորհրդային nostalgie...

Բացահայտ է նաև, որ այս առարկան հանելով՝ ժամաքանակ է ապահովվում վերջերս ընդունված օրենքի համապատասխան մեկ այլ առարկայի համար։ «Բնական» է, որ դա պիտի արվի քրիստոնեության հետ առնչություն ունեցող առարկայի փոխարեն, որպեսզի մանուկն ավելի հեշտությամբ ընդունի օրենքի ուժ ստացած և հետո ընդունվելիք նման օրենքների, կոնվենցիաների ապազգային գաղափարները և ձևավորվի որպես «աշխարհիկ» պետության «աշխարհիկ» սանձարձակ քաղաքացի։ Փաստ է, որ աշխարհը ձգտում է սրան, բայց փաստ է նաև, որ այդ նույն աշխարհը 1700 տարի առաջ նայեց մեզ և մեր ընտրած ուղուն, քայլեց նույն ճանապարհով և միևնույն ուղղությամբ։

Գուցե ա՞յժմ էլ պետք է լինենք ճանապարհի առաջնորդողը։ Մեր և դպրոցականների օգնությամբ իշխանության եկած հարգելի իշխանավորներ, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, որ ավելի լավ հայրենիք խոստացաք այս սերնդին և սերնդի դեմ օրենքներ ու որոշումներ եք ընդունում, կտրում արմատներից, կա՛նգ առեք և մտածե՛ք. ձեր ընտրած ճանապարհը կործանման է տանում։ Կա կայացած առարկա՝ ՀԵՊ, և այսօր պետք է խոսել ոչ թե այս առարկան հանելու, այլ մյուս դասարաններում ևս դասավանդելու մասին, որովհետև եթե օրենքի գերակայության երկիր ենք ուզում կառուցել և օրինապահ քաղաքացիներ ունենալ, ապա անհրաժեշտ է գիտակցել, որ առանց քրիստոնեական արժեքների դա ուղղակի անհնար է։ Ընդունեք, թե չընդունեք, դա փաստված ճշմարտություն է։ Սիրեք թե չսիրեք, հավատաք թե չհավատաք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ լինեք, թե՝ ոչ, պարտավոր եք հարգել և ընդունել պատմական իրողությունները։

Դպրոցում «տարրալուծում» եք ՀԵՊ առարկան, չափորոշիչներից հանում քրիստոնեություն, բարոյագիտություն, Աստված և այլ հասկացություններ, գուցե ՀՀ զինանշանի՞ց էլ «տարրալուծեք» Խաչն ու Նոյյան տապանը։ Դպրոցից «օպտիմալացնում» եք Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, գուցե՞ ՀՀ սահմաններից էլ օպտիմալացնե՞ք։ Եթե այս սերնդին անվանում եք ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ինչո՞ւ եք այսօր կտրում այն հպարտություններից, որոնցով հպարտանում ենք աշխարհի առաջ։

ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀՊԱՐՏՈՐԵՆ պիտի անցնի ՀԵՊ առարկան, որպեսզի իր հպարտության գինն ու արժեքն իմանա, ազգային հոգեկերտվածքի խորքը ճանաչի, ամուր կառչի իր արմատներից, այլապես կտարուբերվի անգամ թույլ քամիներից ու գետնին կտապալվի։ Առանց արմատի՝ ի՞նչ ծառ և ի՞նչ պտուղ։ Առանց արմատի, առանց անցյալի՝ ի՞նչ պետություն և ի՞նչ սերունդ:

Էլյա Սարիբեկյան

Պատմական գիտությունների թեկնածու