Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի 2800 ամյակի տոնակատարությունների առիթով իրականացված պետական ծրագրերի շրջանակներում գիտնականների խմբի կողմից 2018 թ. հրատարակման է ներկայացվել նաև Երևանի ամբողջական պատմությունը ներկայացնող կապիտալ աշխատանք՝ հանրամատչելի և գիտական տարբերակներով: Մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունը հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելու համար նախատեսված էր նաև գրքի հանրամատչելի տարբերակը տպագրել նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով:
Իշխանափոխության թոհուբոհում, այդուհանդերձ, հրատարակվեց միայն հանրամատչելի տարբերակը՝ միայն հայերենով: Այդուհանդերձ, մինչ օրս չի հանրայնացվել գոնե այդ տարբերակը (գիրքը, օրինակ, չկա գրախանութներում և այլուր), այն որևէ կերպ չներկայացվեց մայրաքաղաքի 2800-ամյակին, չարժևորվեց գիրքը, որևէ ձևաչափով տեղի չունեցավ նրա շնորհանդեսը և այլն: Արդյունքում՝ գրեթե ամբողջ տպաքանակը, ըստ մեր տեղեկությունների, լցված է քաղաքապետարանի պահեստներում:
Yerkir.am-ը հետաքրքրվել էր քաղաքապետարանից, թե ի՞նչ պատճառով չի տպագրվել գրքի գիտական տարբերակը, ե՞րբ է այն հրատարակվելու: Ի՞նչ պատճառով մինչ օրս չի հանրայնացվել և արժևորվել հրատարակված հանրամատչելի տարբերակը, ի՞նչ պատճառով այն հավուր պատշաճի չներկայացվեց Երևանի 2800-ամյակի առիթով (2018 թ.), ե՞րբ է հրատարակվելու Երևանի ամբողջական պատմության կոլեկտիվ աշխատության հանրամատչելի տարբերակը օտար լեզուներով:
Մեկուկես ամիս տևած սպասումներից հետո, ի վերջո, քաղաքապետարանից ստացվեց նախադեպը չունեցող մի պատասխան (կցվում է), որի ամեն պարբերությանն արժի հատուկ անդրադառնալ:
Առաջին պարբերությամբ՝ քաղաքապետարանը տեղեկացնում է, «… որ «Երևանի պատմություն» գիտական աշխատության հրատարակության գործընթացը նախաձեռնել էր նախորդ քաղաքային իշխանությունը, և գրքի հանրամատչելի տարբերակով տպագրման դրդապատճառների վերաբերյալ տեղեկատվության չենք տիրապետում»։ Մի քանի անգամ ընթերցեցինք պարբերությունը, հատկապես՝ երկրորդ նախադասությունը, սակայն որևէ կերպ չկարողացանք «մեկնել», թե այդ բառակույտն ինչու՞ էր այնտեղ զետեղված։ Մենք փաստել էինք, որ գրքի հանրամատչելի տարբերակը հրատարակվել է Երևանի 2800-ամյակի «դրդապատճառներով»՝ լավագույնս գիտակցելով, որ Երևանի 2800-ամյակի օրը երդում տված Հայկ Մարությանն այն չէր կարող նախաձեռնել։ Ավելին, բնավ չէինք մեղադրել որևէ մեկին դրա համար, էլ ի՞նչ կարիք կար ցուցաբերել այդ աստիճանի տգիտություն և մանկամտորեն փորձել ապացուցել, թե իբր ներկայիս քաղաքային իշխանությունը կապ չունի նախորդների հետ՝ նաև այդ ծրագրի մասով։
Երևանի քաղաքապետարանը նույն պատճառով ի զորու չի տեղեկատվություն տրամադրել «Երևանի պատմություն» գրքի՝ Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրում չընդգրկելու պատճառների վերաբերյալ՝ կրկին համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով… Եթե մի պահ ընդունենք, որ գրքի հրատարակման գործընթացը նախաձեռնող Տարոն Մարգարյանը հեռացել էր՝ իր հետ տանելով հրատարակման «դրդապատճառները», ապա, շատ հետաքրքիր է, թե Երևանի 2800 ամյակի նախօրյակին (2018 թ. սեպտեմբերի 23-ին) արդեն ձևավորված նոր ավագանին, իսկ Երևանի 2800-ամյակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, քաղաքապետի պարտականությունները ստանձնող Հայկ Մարությանն ու՞ր են պահել գրքի՝ միջոցառումների ծրագրում չընդգրկելու պատճառների վերաբերյալ «համապատասխան փաստաթղթերը»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը. գրքի որակի կամ պիտանելիության մասին վարչական ա՞կտ, միջոցառումներին ներկայացնելու աննպատակահարմարության մասին ավագանու որոշու՞մ…
Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ հրատարակված տարբերակը նախատեսված չէ վաճառքի համար և գրքի բաշխումն իրականացվում է նվիրատվության, տարբեր կազմակերպություններին, գրադարաններին, պատվավոր հյուրերին նվիրաբերման եղանակով։ Այստեղ էլ հետաքրքիր է, թե «անհայտ դրդապատճառներով» հրատարակված գիրքն ինչպե՞ս են համարձակվում նվիրել ուրիշներին: Նույնչափ հետաքրքիր է, թե պատվավոր հյուրերը, որոնց շարքում գերակշիռ են օտարերկրացիները, դեմքի ի՞նչ արտահայտություն են ընդունում, երբ տեսնում են գրքի՝ իրենց համար անհասկանալի, հայերեն օրինակը։ Հայկ Մարությանին պաշտոնական այցերի ժամանակ երբևէ նվիրե՞լ են, օրինակ, Թիֆլիսի մասին՝ վրացերեն, կամ՝ Բիշքեկի մասին՝ ղրղզերեն գրքեր, եթե այո, ապա մտքում ի՞նչ է ասել նվիրողներին…
Ի դեպ՝ «… երկրում արտակարգ դրության գործողության (ընդգծումը մերն է՝ Վ.Ս.) ժամկետից հետո, Երևանի քաղաքապետարանը կանդրադառնա գրքի ամբողջական տարբերակի (խոսքը, հավանաբար, գիտական տարբերակի մասին է՝ Վ.Ս.), այդ թվում՝ նաև օտար լեզուներով հրատարակման հարցին»։
Դե ինչ, սպասենք երկրում արտակարգ դրության «գործողության» ժամկետի ավարտին, եթե դրա հետ, իհարկե, չի ազդարարվի նաև այս մարտնչող տգիտության և դիլետանտիզմի վախճանի, այն է՝ Հայկ Մարությանի և, ընդհանրապես, Փաշինյանի իշխանության ավարտի մասին։
Իսկ մինչ այդ՝ փաստենք, թե նման իրադարձությունը որքան կարևոր է երկրի և քաղաքի համաշխարհային ճանաչելիության բարձրացման համար։ Սակայն հայրենասիրության պակասը և «նախկինների» նկատմամբ կույր ատելությունը, նախանձը և մարդկային տարրական զգացմունքների բացակայությունը` լինել շնորհակալ, գնահատող, մեծահոգի եւ հայրենասեր, տապալեցին մայրաքաղաքի այդքան սպասված մեծ տոնը։ Նորերի մոտ «նախկինների» արածի նկատմամբ նախանձը ավելի զորավոր գտնվեց, քան մայրաքաղաքի նկատմամբ սերը: Իսկ սերը մայրաքաղաքի մասին պոռոտախոսելու և պաթոսով ճառերի մեջ չէ։
Տասնամյակներ անց կհիշեն, որ ԽՍՀՄ տարիներին Երևանի 2750-ամյակը ինչպիսի փառահեղությամբ նշեցին, իսկ թավշյա թզուկներն ու մտավոր գաճաճները 2018-ին ՄՏԱԾՎԱԾ տապալեցին մայրաքաղաքի 2800-ամյակը։ Ոչինչ: Կասկած չունենք, որ ապագա սերունդների համար Երևանի 2800-ամյա ծնունդը ավելի կարժևորվի, ավելի կկարևորվի, քան ցանկացած իշխանավորի բազմումը աթոռին։ Նման իշխանավորներ մեր ազգը շատ է տեսել ու երբեք իր հինավուրց քաղաքի փառահեղ պատմությունը չի ստորադասի որրևէ պաշտոնյայի քաղաքական ճղճիմ խաղերին:
Վահե Սարգսյան