|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են 15 տոկոսով կրճատել Վրաստանին հատկացվելիք օգնությունը, որը 2021-ին պետք է լիներ ավելի քան 132 մլն դոլար: Այդ հայտարարությունն արժանացել է վրացական ընդդիմության խիստ քննադատությանը. ըստ yerkir.am-ի` հայտնում է «Վզգլյադ»-ը:
Կոնգրեսի փաստաթղթում ասվում է, որ օգնությունը կարող է կրճատվել, եթե պետդեպարտամենտը փաստարկներ չներկայացնի Վրաստանի կառավարության` ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և օտարերկրյա ներդրողների պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականության արդյունավետության մասին:
Վրաստանի կառավարությունում «Վզգլյադ»-ի աղբյուրը հայտնել է, որ «դա միայն նախնական տարբերակ է, վերջնական փաստաթուղթը հաստատումից առաջ կանցնի բազմաթիվ համաձայնեցումների ու հաստատումների միջով»: Նա նաև վստահություն է հայտնել, որ պետդեպարտամենտը կհաստատի «Վրաստանի կառավարության կարևոր քայլերը` ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը»:
Աղբյուրի խոսքով` «փաստաթղթում երևում են Frontera Resources-ի և Conti Group –ի լոբբիստ կոնգրեսականների ջանքերը, որոնք կորցրել են աշխատանքը Վրաստանում»:
«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն էլ հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի նկատմամբ»:
Իսկ «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի խոսքով` «Կոնգրեսի դիտարկած փաստաթուղթը աղետալի ազդանշան է «Վրացական երազանք»-ի համար: Նա հայտարարել է, որ եթե իշխանությունները հոկտեմբերին ազատ ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ չանցկացնեն, ԱՄՆ-ի հետ Վրաստանի համագործակցությանն անուղղելի վնաս կհասցվի»:
Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանտը չէր բացառել, որ Ռուսաստանն իբր կարող է միջամտել Վրաստանում հոկտեմբերի 31 –ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: