կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 12:05
Հասարակություն

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը. ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը. ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ու մանրամասնում, որ աջակցությունը տրամադրվում էր ականապատված տարածքների ականազերծման նպատակով։

«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետեւանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական եւ իրավական նախադեպ, որի հետեւանքները բոլորս ենք գիտակցում:

P.S. ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»,- նշել է նա։

Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: 

Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ. ֆինանսական տարում՝ Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում աջակցության ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում էր ամերիկաբնակ հայերին` զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որն աջակցության ծրագիրը շարունակելու կոչ է: