Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱՄՆ-ն կարող է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը, եթե վերջիններս հրաժարվեն Գազայի հատվածից պաղեստինցիների մեծամասնությանն ընդմիշտ ընդունելու իր պահանջից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
Այսպիսով, Դոնալդ Թրամփն էապես մեծացնում է ճնշումը տարածաշրջանում առանցքային դաշնակիցների վրա, որպեսզի նրանք աջակցեն Գազայի ողջ բնակչությանը վերաբնակեցնելու և տարածքը վերակառուցելու իր համարձակ առաջարկին:
«Եթե նրանք չհամաձայնեն, ապա ես, ենթադրաբար, օգնություն չեմ ցուցաբերի», - կրկնել է Թրամփը՝ վստահություն հայտնելով, որ Հորդանանը և արաբական այլ երկրները չեն հրաժարվի Գազայի հատվածից պաղեստինցիներին ընդունելուց։
Հատկանշական է, որ Հորդանանը և Եգիպտոսը, որոնք երկուսն էլ ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնության հիմնական ստացողներն են, մերժել են պաղեստինցիներին իրենց երկրներ տեղափոխելու ցանկացած առաջարկ:
«Ես իսկապես կարծում եմ, որ նա (Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը) կընդունի (պաղեստինցիներին), և կարծում եմ, որ մյուս երկրները նույնպես կընդունեն: Նրանք բարի սրտեր ունեն», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հարցին, թե արդյոք պաղեստինցիներն, ի վերջո, «իրավունք կունենան վերադառնալ» Գազա իր առաջարկած շինարարական նախագծերի ավարտից հետո, նախագահը պատասխանել է. «Ոչ, նրանք չեն ունենա»:
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մինչև «շաբաթ օրը ժամը 12-ը» ազատ չարձակի իսրայելցի մնացած բոլոր պատանդներին, ապա Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղարկվի։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ հետաձգել է փետրվարի 15-ին պատանդների հերթական խմբի ազատ արձակումը՝ մեղադրելով Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: