| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Բոբ Քարդինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը վերագնահատելու անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նշել է, որ գրեթե 1 տարվա սարսափելի շրջափակումից, այնուհետև ռազմական ուժի կիրառումից հետո Ադրբեջանին հաջողվեց վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը՝ «ջնջելով այնտեղից հայ բնակչությանը և հարուստ պատմությունը»։
«Մինչ աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի հետ, մենք պետք է առաջնահերթություն տանք արտաքսված հայերին աջակցությանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին», - նշված է հայտարարությունում։
Հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ չեն տա, որ Ադրբեջանը ռազմական առումով առաջ գնա՝ փորձելով նոր տարածքներ գրավել։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը, մինչև այն չկանգնեցնի այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է նաև վերահաստատեն հանձնառությունը պատերազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների վերադարձին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել», - շեշտել է Բոբ Քարդինը։
Սենատորը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առումով։
«Վերջապես, մենք պետք է համերաշխությամբ կանգնենք հայ ժողովրդի կողքին, հատկապես երբ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունը։ Մենք պետք է ավելացնենք հումանիտար աջակցությունն այն էթնիկ հայերին, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից։ ԱՄՆ-ն պետք է նաև շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ թափանցիկության ապահովման, արդյունավետ կառավարման և ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ ավելի ընդարձակ տնտեսական համագործակցության ջանքերին», - եզրափակել է սենատոր Քարդինը։