կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 20:49
Մշակույթ

Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 մլն դրամ է

Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 մլն դրամ է

Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

«Մինչ օրս աշխատանքները սկսելու համար հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են: Այժմ պատրաստվում ենք հայտարարել նոր մրցույթ, լիահույս ենք, որ այս անգամ նախատեսվող ծրագրին մասնակից համապատասխան ընկերություն կունենանք: Դրանից է կախված աշխատանքների շարունակությունը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:

Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: Դրանք են՝ Կաթողիկոսարանի առաջին և երկրորդ պալատները և Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին, որոնք տարիների ընթացքում կարելի է ասել հողի տակ են անցել՝ բոլոր բացասական հետևանքներով: Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ:

«Հնագետների հետ գործակցությունն այժմ միայն բանավոր պայմանավորվածությունների փուլում է, բայց այդ աշխատանքներն առանց հնագետների պարզապես անհնար են և անթույլատրելի, ուստի բոլոր դեպքերում՝ նախ կաշխատեն հնագետները, ապա՝ կառուցապատողը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:

Թե հնավայրի տարածքում զբոսաշրջային տեսանկյունից ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսված, այդ մասին Արթուր Սողոմոնյանը վաղ է համարում խոսելը:

«Այս պահին վաղ է խոսել ենթակառուցվածքների մասին, քանի որ գործ ունենք խիստ առանձնահատուկ տարածքի հետ. այս հարցին հնարավոր կլինի պատասխանել բացառապես տարածքի լիարժեք պեղումներից և վերականգնումից հետո: Դա է պատճառը, որ աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները»,-հավելեց նա: